Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մակրոնին Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ընդունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Փարիզ, նոյեմբեր, 2019թ․
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ընդունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Փարիզ, նոյեմբեր, 2019թ․

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին՝ Ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանյուել,

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ ֆրանսիացի ժողովրդին՝ Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ։

Ավելի քան երկու դար առաջ ֆրանսիացի ժողովուրդը համախմբվեց ազատության, հավասարության և եղբայրության արժեքային առանցքի շուրջ՝ եվրոպական քաղաքակրթության համար ճանապարհ հարթելով դեպի մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ապագա։ Իսկ այսօր, Հայաստանը, իր հավատարմությունը ցույց տալով նույն անբեկանելի արժեքներին, վճռական քայլերով շարունակում է առաջ ընթանալ ժողովրդավարական ինստիտուտների և իրավունքի գերակայության ամրապնդման ուղիով։

Անվիճելի է, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ընդհանուր արժեքների և դարավոր բարեկամության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները կրում են առանձնաշնորհյալ բնույթ։ Երկու պետությունների միջև բացառիկ քաղաքական երկխոսությունը թույլ է տալիս հաջողությամբ համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ծրագրերի ու հարցերի շուրջ»։

«Անցած տարի տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համատեքստում Հայաստանն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում բարեկամ Ֆրանսիային՝ անաչառ դիրքորոշման և Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչությանը ցուցաբերած աջակցության համար։ Ֆրանսիան և ֆրանսիացիները հերթական անգամ մեր կողքին էին պատմական այս դժվար շրջափուլում:

Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով Ֆրանսիայի ամուր ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի ջանքերը հայ ռազմագերիների տուն վերադարձի և Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցերում։

Ակնկալում եմ առաջիկայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ պետական այցով», - Մակրոնին գրել է Փաշինյանը։

XS
SM
MD
LG