«Եթե Փաշինյանն ատելությունից ու բռնությունից հրաժարվելու մտադրություն ունի, թող ազատի մեր թիմակիցներին». «Հայաստան» դաշինքի պատգամավոր

ԿԸՀ շենքը Երևանում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր պաշտոնապես գրանցեց նորընտիր պատգամավորներին։ 8-րդ գումարման Ազգային ժողովում կլինի 107 պատգամավոր. վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թիմերն են։

«Շնորհավորում եմ «Հայաստան» դաշինքին և «Պատիվ ունեմ» դաշինքին խորհրդարան անցնելու առիթով», - այսօր կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Ընտրողների մեծամասնության քվեն ստացած «Քաղաքացիական պայմանագիրը» նոր խորհրդարանում 71 մանդատ ունի, «Հայաստան» դաշինքը երկրորդ ուժն է՝ 29 մանդատով, «Պատիվ ունեմ»-ը՝ 7։

«Մենք վճռական ենք ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարելու գործում և պատրաստ ենք համագործակցային, ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ», - հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։

Ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներից արդեն հնչել են հայտարարություններ, որ խորհրդարանում արմատական ընդդիմություն են լինելու և Փաշինյանի իշխանության հետ չեն համագործակցելու։

Հնարավո՞ր է կառուցողական աշխատել կամ համագործակցել մի ուժի հետ, որը քաղաքական նկատառումներով հետապնդում ու ազատազրկում է մեր թիմակիցներին, ասում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ - «Եթե իրենց թվում է, որ մեր ընկերներին կարող են ապօրինի, շինծու մեղադրանքներով ձերբակալել, մեր թիմակիցների ու աջակիցներին հետապնդել ու մեր հետ հաստատել կառուցողական հարաբերություններ, ապա չարաչար սխալվում են։ Այս իշխանության թիվ մեկ բնութագրիչը անցնող երեք տարիների ընթացքում, կամ բնութագրիչներից հիմնականը ատելության խոսքի տարածումն է, հասարակության սև-սպիտակի բաժանումը, փռեմ ասֆալտին, թաթիկներդ կկտրեմ...»

Իշխան Սաղաթելյանը չի հավատում Փաշինյանի խոսքերին, թե պատրաստ է հրաժարվել սպառնալիքի լեզվից, ատելության ու թշնամանքի մթնոլորտից։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանն էր մուրճով մարզից մարզ շրջում ու քաղաքական հակառակորդներին վենդետաներով սպառնում, հիշեցնում է ընդդիմադիր պատգամավորը. - «Բացառում եմ, որովհետև իր թիվ մեկ կրեդոն դա է։ Իր ամբողջ իշխանությունը ստի, կեղծիքի և ատելության վրա է հիմնված։ Ինքը եթե դրանով ա սնվում, եթե ինքը դրանից հրաժարվի, ինքը ոչնչանում ա։ Սա ինչ-որ շրջանակների ականջի համար ինչ-որ նախադասություններ էին, որ ասեցին։ Որովհետև եթե նման իրական մտադրություն է, ես ճանապարհը ասում եմ՝ հենց հիմա ազատ է արձակում մեր բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնում է այն, ինչ որ սկսել է, որից հետո նոր ինքը իրավունք կունենա էդ մասին խոսելու»։

«Հայաստան» դաշինքից ընտրված երկու պատգամավոր՝ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը կալանավորված են։ Սիսիանի ու Մեղրիի նախկին համայնքապետեր Սարգսյանն ու Զաքարյանը, Գորիսի ու Սյունիքի այլ համայնքապետեր կալանավորվեցին ընտրություններից օրեր հետո տարբեր, այդ թվում ընտրական հանցագործությունների քրեական գործերով։

«Հայաստան» դաշինքից կալանավորված էր նաև պատգամավոր Արմեն Չարչյանը, որը երեկ գրավի դիմաց ազատվեց։ Պատգամավոր դառնալուց հետո Զաքարյանն ու Սարգսյանը ազատ կարձակվեն, թե ոչ դեռ հայտնի չէ։ Գորիսի քաղաքապետ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը պնդում է, որ նրանք արդեն պատգամավորական անձեռնմխելիություն ունեն և պետք է ազատ արձակվեն։ Իսկ եթե գլխավոր դատախազությունը համարի, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու է, պետք է անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնի Ազգային ժողով. - «Գլխավոր դատախազը եթե կգտնի, որ դրանից հետո անհրաժեշտություն կա կալանավորում կիրառել, կմտնի Ազգային ժողով»։ Դատախազության դիրքորոշումը դեռ հայտնի չէ, խոստացել են գրավոր պատասխանել։

Նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին։ Իշխանության Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է։ Փոխնախագահները՝ Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը։

Երրորդ փոխխոսնակը ընդդիմությունից պետք է լինի։ Իշխան Սաղաթելյանն ասում է՝ «Պատիվ ունեմ» դաշինքի հետ քննարկելուց հետո կորոշեն, թե որ խմբակցությունից և ում են առաջադրելու փոխնախագահի պաշտոնում։

Իշխող խմբակցության ղեկավարը կլինի Հայկ Կոնջորյանը, քարտուղարը՝ Նազելի Բաղդասարյանը։ «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, իսկ քարտուղարը՝ դաշնակցական Արծվիկ Մինասյանը։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։

«Պատիվ ունեմ» դաշինքից ոչ մեկը ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել։ Դաշինքի առաջնորդ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ օրենսդիրում կլինի, դեռ հայտնի չէ, թե ով է ղեկավարելու խմբակցությունը։