Մատչելիության հղումներ

Ըստ Քոչարյանի՝ իշխանությունները «ձայներ ունեին», բայց «սիստեմիկ խախտումները եղել են գրեթե աննախադեպ»


Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 22-ը հունիսի, 2021թ.
Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 22-ը հունիսի, 2021թ.

«Մենք չենք ասում, որ այս իշխանությունը քիչ ձայներ է ստացել, ոչ: Իրենք ձայներ ունեին, և մենք վիճարկում էինք մոտ 200 հազար ձայներ», - հայտարարեց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մի քանի հեռուստաընկերությունների տված հարցազրույցում, որը հեռարձակվեց երեկ ուշ երեկոյան:

«Բայց այն, ինչ կատարվում էր պետական մարմինների կողմից, բավարար հիմքեր էին տալիս լիքը բան վերանայել՝ Սահմանադրական դատարանի կողմից: Եվ մենք, այնուամենայնիվ, հույս ունեինք, որ Սահմանադրական դատարանի որոշումը կլիներ մի քիչ այլ», - ասաց Քոչարյանը՝ շարունակելով. - «Բայց, կրկնեմ, սա չի նշանակում, որ մեր կարծիքով այս իշխանությունը ձայներ չունի: Այո, ունի ձայներ, և հատկապես՝ գյուղական վայրերում, և մենք տեսել ենք, մենք ուղղակի դա ֆիքսում ենք: Բայց ոչ միայն կեղծիքների, այլ, սենց, սիստեմիկ խախտումները՝ վարչական ռեսուրսի կիրառման տեսանկյունից, մարդկանց ահաբեկման տեսանկյունից, եղել են գրեթե աննախադեպ: Եվ սա պետք էր ուղղակի գրանցվել, պետք էր, սրա մասին պետք է խոսել անպայման»:

Նախկին նախագահն այսպես արձագանքեց հիշեցմանը, որ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ հայտարարել էր՝ «եթե իշխանությունը փորձի կեղծել ընտրությունները, լինելու են հետընտրական գործընթացներ, որոնք կարող են ունենալ նաև անկանխատեսելի հետևանքներ», և հարցին՝ ի՞նչ նկատի ուներ հետընտրական գործընթացներ ասելով, «արդյո՞ք միայն Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին էր խոսքը»:

Ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումից հետո պատգամավորական մանդատից հրաժարվելու իր հայտարարության վերաբերյալ նախկին նախագահը նշեց. - «Հայաստան» դաշինքը ունի 29 մանդատ, բայց պարզ է, որ «Հայաստան» դաշինքը հո էն 29 պատգամավորը չէ՞, և խմբակցությունը դա «Հայաստան» դաշինքի ներկայությունն է խորհրդարանում: Ես դուրս չեմ գալիս «Հայաստան» դաշինքից և մնում եմ այդ դաշինքի առաջնորդ: Նույնպես Դաշնակցությունը հզոր մի կառույց է և 11 պատգամավորը չեն, որոնք մտնում են խորհրդարան: Եվ հետագա պայքարը կապել ուղղակի մանդատ վերցնելու-չվերցնելու հետ՝ ճիշտ չէ»:

«Ինքս ինձ երբեք չեմ համարել օրենսդիրի մարդ, և իմ սրտով չէր գնալ և զբաղվել օրենսդրական գործունեությամբ: Բայց նաև այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել մարդկանց հետո, և ամենից հետաքրքիրը, որ հանդիպման վերջում, նույնիսկ մենք չէինք խոսում մանդատ վերցնելու-չվերցնելու հարցը, մարդիկ արդեն ոտի վրա ցտեսություն ասելուց ասում էին՝ «պարոն նախագահ, մի բան խնդրեմ՝ չվերցնեք, էլի, մանդատը»: Եվ եթե 10-ից 9-ը մոտավորապես այդպես են արտահայտվում, դու հասկանում ես, որ քո մտածածը համընկնում է քո քաղաքական թիմի ճնշող մեծամասնության կարծիքի հետ: Եվ սա պետք էր հաշվի առնել, և ես դա հաշվի եմ առել», - ընդգծեց Քոչարյանը:

Միաժամանակ, նա համոզված է, որ պետք է գնալ խորհրդարան, և «ունենալով խորհրդարանական երկրորդ ֆրակցիան՝ «Հայաստան» դաշինքը բավական լուրջ գործիքակազմ է ձեռք բերելու քաղաքական պայքարի համար»:

XS
SM
MD
LG