Հայաստանում քովիդի դեմ օրական պատվաստվողների թիվը հատում է 5000-ը, այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։ Այս 5000 պատվաստվածների մեջ ներառված են նաև օտարերկրացիները։ Մինչ օրս, սակայն, չկա վիճակագրություն, թե պատվաստվածների քանի տոկոսն են նրանք կազմում։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանձնարարեց, որ պատվաստված հայաստանցիների ու օտարերկրացիների վիճակագրությունը առանձին վարվի։
«Ես կուզենայի, որ ամենօրյա վիճակագրության մեջ մենք առանձնացնենք հայաստանցիների թիվը և օտարերկրացիների թիվը, և մենք պայմանավորվել ենք, որ հայաստանցիներին առնվազն 5000 տեմպը պետք է պահենք օրական պատվաստումների», - հայտարարեց Փաշինյանը:
Չորս ամսվա ընթացքում Հայաստանում ընդհանուր առմամբ պատվաստվել է ավելի քան 144 հազար մարդ։ Մասնագետները, սակայն, շեշտում են՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման այս ցուցանիշը դեռ շատ ցածր է, և այս տեմպերով այն էական ազդեցություն չի կարող ունենալ երկրում համավարակի կանխարգելման գործում։ Ըստ համաճարակաբանների՝ բնակչության 60-70 տոկոսի պատվաստման դեպքում միայն հնարավոր կլինի կանխել վիրուսի տարածումը։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) փոխտնօրեն Գայանե Սահակյանը նշեց. «Իրոք այս պահի դրությամբ դեռևս մենք շատ ցածր ցուցանիշներ ունենք պատվաստումների, իսկապես դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Արդեն իսկ սկսվել է մեր հերթական դանդաղ տեմպերով աճը, և մենք առաջիկայում ավելի մեծ թվերի հետ գործ կունենանք կորոնավիրուսային հիվանդության»:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի աճի մասին այսօր շեշտեց նաև առողջապահության փոխնախարարի պաշտոնակատարը։
«Եթե անցած շաբաթ մենք գրանցում էինք մինչև 200 օրական դեպք, ապա այս շաբաթ մենք արդեն 200-ը հատել ենք և երեկ հայտարարել ենք 220 դեպք, այսօր արդեն 225 դեպք է գրանցվել: Մեր կանխատեսումներով աճի տենդենցը շարունակվելու է մոտակա օրերի ընթացքում», - ասաց Լենա Նանուշյանը:
Քովիդից այս պահին բուժում է ստանում 3797 մարդ, նրանցից 606-ը՝ հիվանդանոցային պայմաններում: 282 վարակակիր գտնվում է ծանր, 48-ն էլ ծայրահեղ ծանր վիճակում:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ունեն որոշում, որ կրկին լոքդաունի չեն անցնի, սակայն իրավիճակի սրման հետևանքով՝ չի բացառվում, որ որոշակի խստացումներ կիրականացվեն։
«Կորոնավիրուսը անընդհատ նոր ալիքներ է ունենալու և նոր շտամներ է ունենալու, և միջոցը դրանից պաշտպանվելու երկուսն է՝ դիմակ և պատվաստում, հետևաբար մենք պետք է նաև ջանք գործադրենք, որպեսզի փակ տարածքներում դիմակի կրման կանոնները մաքսիմալ լավ պահպանվեն: Մեր կոչն է մեր հայրենակիցներին՝ անպայման այդ կանոնը հնարավորինս պահել, որպեսզի մենք այս ոլորտում նույնպես ստիպված չլինենք գնալ վարչական ներգործության միջոցների: Եթե վիճակագրությունը ստիպի դա անել, խոսքը դիմակների կրման կանոնները խստացնելու մասին է, մենք ստիպված կլինենք գնալ այդ ուղղությամբ», - ընդգծեց Փաշինյանը:
Առողջապահության նախարարությունը այս պահին բանակցություններ է վարում՝ նոր պատվաստանյութեր ներկրելու համար։ Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ աշնանը Հայաստան կբերվի ամերիկյան Johnson & Johnson, ինչպես նաև Novavax-ի արտադրության փոքր խմբաքանակով պատվաստանյութեր։ Իսկ այժմ Հայաստանում անվճար և կամավոր երեք տեսակի պատվաստանյութ է կիրառվում՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա» և չինական «Կորոնավակը»։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենն ասում է՝ պատվաստանյութերն արդյունավետ են նաև նոր շտամերի, օրինակ, արագ տարածվող դելտա տարբերակի դեմ։