«Մեր երկրի հզորացման գործում կարևորում ենք թե՛ Եվրամիության, թե՛ Ֆրանսիայի աջակցությունը և թիրախային ոլորտներում համագործակցության խորացումը», - այսօր ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն՝ ընդունելով Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին, որը պատգամավոր է ընտրված Ֆրանսիայից և Եվրոպական խորհրդարանում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավարն է:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը:
Ըստ նախագահի գրասենյակի՝ երկրի զարգացման համատեքստում Արմեն Սարգսյանը կարևորել է սահմանադրական փոփոխությունների իրականացումը և հակակշիռների ու զսպումների արդյունավետ մեխանիզմներ ունեցող նոր սահմանադրության ընդունումը, որը, նախագահի համոզմամբ, կնպաստի ինչպես երկրի ժողովրդավարական առաջընթացին, այնպես էլ հնարավորություն կտա լիարժեք և արդյունավետ ներգրավել սփյուռքի մարդկային ներուժը Հայրենիքի զարգացման գործընթացներում:
Որպես զարգացման մեկ այլ նախադրյալ՝ նախագահ Սարգսյանը նշել է բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կրթական ոլորտի առաջընթացի ապահովումը:
Նատալի Լուազոն տեղեկացրել է, որ պատրաստվում է մեկնել նաև Արցախ, անձամբ ծանոթանալ իրավիճակին, խնդիրներին՝ հասկանալու Եվրոպական միության, Ֆրանսիայի աջակցության հնարավոր ուղղությունները Հայաստանին և Արցախին:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: