Գիշերը հայ - ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունը շարունակվել է, այս պահին իրավիճակը հանգիստ է, առավոտյան «Ազատությանը» փոխանցեցին Պաշտպանության նախարարությունից:
Ըստ նախարարության՝ հրազենային ոչ ծանր վիրավորում է ստացել Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։
«ՀՀ Զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու», - ասված է այսօր ավելի ուշ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:
Երեկ երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր:
Այսօրվա հաղորդագրությունում Հայաստանի ռազմական գերատեսչությունը մանրամասնում է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը երեկ ուշ երեկոյան և հուլիսի 20-ի գիշերը, մինչև ժամը 2-ը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին,պնդում է, թե հայկական Զինված ուժերն են գնդակոծում Սադարակի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը, իրենք պատասխան կրակ են բացում: Ադրբեջանական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրության, գիշերը մի զինծառայող է վիրավորվել:
Իրադրությունը հայ - ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում լարված է անցած շաբաթվանից, հուլիսի 14-ին փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել է մեկ զինծառայող, ադրբեջանական կողմից, ըստ պաշտոնական աղբյուրների, մեկ զինծառայող վիրավորվել է: