ԵՄ-ը պատրաստ է դրական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար, Բաքվում հայտարարել է Միշելը

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևանում ասուլիսի ժամանակ, 17-ը հուլիսի, 2021թ.

Այսօր Վրաստանի ծովափնյա Բաթումի քաղաքում միջազգային համաժողով է անցկացվելու, որին մասնակցելու են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն և հյուրընկալ երկրի՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Ակնկալվում է, որ Բրյուսելի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրած Եվրամիության Արևելյան գործընկերությունում ընդգրկված երկրներից այդ եռյակը՝ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, առաջ կմղեն ԵՄ-ի հետ համագործակցության մակարդակը բարձրացնելու հարցերը։

Եվրոպական խորհրդի նախագահը երեկ երեկոյան Վրաստան է ժամանել Ադրբեջանից։ Շառլ Միշելը տարածաշրջանային այց է կատարում հարավկովկասյան երկրներ՝ նախ այցելելով Հայաստան, հետո՝ Ադրբեջան, հիմա Վրաստանում է։

Բաքվում այցի ավարտին նա մամուլի համատեղ ասուլիս է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Այդ ասուլիսում, ինպես և Երևանում, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Եվրամիությունը պատրաստ է դրական դերակատարություն ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար, Բաքվում հայտարարել է Շառլ Միշելը։

«Մենք պետք է մտածենք, թե ինչ է պետք անել խաղաղության և առաջընթացի հասնելու համար, ինչ տարրեր է անհրաժեշտ հաշվի առնել տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու համար։ Ես հնարավորություն ունեցա այդ հարցը քննարկելու Ադրբեջանի նախագահի հետ։ Ես դիմել եմ և՛ Հայաստանի վարչապետին, և՛ Ադրբեջանի նախագահին և նշել, որ Եվրամիությունը պատրաստ է դրական դերակատարություն ունենալ այդ հարցում», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Ընդգծելով, որ Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ-ի միջնորդական առաքելությանը, Շառլ Միշելը միաժամանակ ասել է. - «Բայց դա Եվրամիությանը չի խանգարում կիսվել իր փորձով, աջակցություն ցուցաբերել անվտանգության և կայունության ձեռքբերմանը, և որ ավելի կարևոր է՝ տարածաշրջանի խաղաղությանը, առաջարկել որոշ գաղափարներ խաղաղության գործընթացի փոխադարձ առաջընթացի համար»։

«Ինտերֆաքս-Ազերբայջան»-ի փոխանցմամբ՝ համատեղ ասուլիսում Իլհամ Ալիևն ասել է, որ ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա կավելանան։