Ռուսական “Коммерсантъ”-ը «Նիկոլ Փաշինյանը խոսեց այնպես, ինչպես խոսում էր պատերազմից առաջ» վերնագրով հոդված է հրապարակել երեկ երեկոյան, որում փորձել է ամփոփել վերջին օրերին հայ - ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հրաձգությունները և լարվածության նոր փուլը։
Հոդվածի հեղինակները նկատում են, որ Փաշինյանը պատերազմից հետո թերևս առաջին անգամ նորից հայտարարեց Ղարաբաղի ինքնորոշման համար պայքարի մասին, և հավելում՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը «ակնհայտորեն ընդունեց Բաքվի մարտահրավերը՝ մտնելով բառերի պատերազմի մեջ, որը նման է նրան, որ մեկ տարի առաջ էր, ինչին հետևեց ռազմական բախումը»։
Ռուսական պարբերականն ուսումնասիրել է կառավարության նիստին Փաշինյանի երեկվա ելույթը և գրում է, թե նա փորձեց համոզել ընտրողներին, որ ազգային շահերին դավաճանության մասին խոսք անգամ չկա։
«Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի այս ելույթը պատասխանն էր Ալիևի հերթական հայտարարության, թե Երևանը, Սևանը, Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածքներ են, և ադրբեջանցիներն անպայման կվերադառնան այնտեղ։ Նման հայտարարությունը նոր չէ։ Ալիևը պարբերաբար խոսում է սրա մասին և ամեն անգամ փորձում է նման հայտարարություններով խոցել Հայաստանի իշխանություններին», - գրում է “Коммерсантъ”-ը։
Մոսկվայում նկատել են, որ Բաքուն Փաշինյանից այլ պատասխան էր ակնկալում։ Պաշտոնական Երևանը հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարության ներքո բանակցությունների վերսկսման օգտին, որը դուր չի գալիս Բաքվին։ Բաքուն իսկապես պարբերաբար հայտարարում է, թե Մինսկի խումբն անելիք չունի, քանի որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն գոյություն չունի, և հաջորդ քայլը, որ Ալիևը սպասում է Երևանից, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տակ ստորագրությունն է, որից հետո Բաքուն կհայտարարի, որ այդ ստորագրությամբ Հայաստանը ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի մաս։
Ի դեպ, ռուսների համար էլ է սա բարդ հարց, քանի որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում են, քանի դեռ կա հայաբնակ Լեռնային Ղարաբաղ, և քանի դեռ կողմերն ընդունում են, որ խնդիրը դեռ կարգավորված չէ։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրից հետո Բաքուն, ինչպես նշում են վերլուծաբանները, միանգամից կբարձրացնի ռուս խաղաղապահներին Ղարաբաղից դուրս բերելու հարցը։ Խաղաղապահները նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ղարաբաղում պետք է մնան առնվազն հինգ տարի։
Ռուսական բոլոր լրատվամիջոցները վերջին օրերին հայտնել են հայ – ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգության մասին, իսկ “Коммерсантъ”-ն իր հոդվածում նաև շեշտում է, որ հայկական լրատվամիջոցները վերջին օրերին հաղորդում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ամենածանր հատվածներում ռուսական զորքերի տեղակայման մասին, և շարունակում է, որ ռուսական զորքերն, այդուհանդերձ, միշտ չէ, որ օգնում են, քանի որ սրացման պատճառներն ամենայն հավանականությամբ քաղաքական են։
Ի դեպ, ադրբեջանական մամուլը վերջին օրերին շատ ակտիվ է գրում հայ - ադրբեջանական սահմանին, Շուշիի մոտակայքում առաջացող սրացումների մասին ու ակնարկում, թե ռուս խաղաղապահները չեն կարողանում պատշաճ ձևով վերահսկել իրավիճակը և կանխել միջադեպերը։