«Հայաստան» դաշինքի ղեկավարները պնդում են, թե Սյունիքի համայնքապետերը և իրենց համախոհները ենթարկվում են քաղաքական հետապնդման

«Հայաստան» դաշինքի ղեկավարներ (ձախից աջ) Վահե Հակոբյանը, Ռոբերտ Քոչարյանը և Իշխան Սաղաթելյանը

Կալանավորվել է Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։ «Ստանդարտ սցենարով... Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ապօրինի, սակայն կալանավորեց 2 ամսով», - գրել է Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Երկու ամսով կալանավորված Զաքարյանը մեղադրվում է մի քանի հոդվածներով։

Ըստ իրավապահների, Մխիթար Զաքարյանը, 2016-ից զբաղեցնելով համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, կատարելով պաշտոնական կեղծիք, խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջները, անձնական այլ շահագռգռվածությունից և խմբային շահերից ելնելով, կազմակերպել և իրականացրել է համայնքին պատկանող և որպես արգելոց գրանցված հողամասի օտարումը:

Այս գործով անցնում են նաև Զաքարյանի տեղակալը և համայնքապետարանի գլխավոր մասնագետը, որոնց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, նրանց գործողությունների հետևանքով՝ համայնքային սեփականություն հանդիսացող լիճը զրկվել է ափից, համայնքը և պետությունը զրկվել են որպես արգելոց նշված տարածքը նպատակային նշանակությամբ օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:

Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքնակամ ոստիկանություն եկած նախկին քաղաքապետին բերման են ենթարկել դիմակավորված անձանցով, ինքնաձիգներով, գետնին պառկեցնելով։

Ո'չ Քննչական կոմիտեն և ո'չ Ոստիկանությունը մինչ այս պահը տեղեկություն չեն տրամադրում Զաքարյանի ձերբակալման հանգամանքների վերաբերյալ։
Զաքարյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու է, օրերս հրաժարական էր ներկայացրել՝ հիմնավորել էր, որ մանդատը վերցնելու է, խորհրդարան գնա։

Սյունիքի մարզում այժմ առանց համայքնապետերի են մնացել Քաջարանը, Մեղրին, Որոտանը և Քարահունջը։ Բոլոր չորս համայնքների ղեկավարները կալանավորված են։ Որոտանի ու Քարահունջի ղեկավարները ընտրակաշառք տալու համար են մեղադրվում։

Մարդու իրավունքների պաշտպանը աշխատանքային խումբ է գործուղել Սյունիք. բողոքներ է ստացել, որ «իրավապահները սպառնալիքով են ցուցմունքներ ստանում ընտրակաշառքի վերաբերյալ»։

«Հետապնդվում են «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամները, որոնք մաս են կազմում «Հայաստան» դաշինքի, նույն իրանք՝ Սյունիքի համայնքի ղեկավարները», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Քրեական հետապնդումներ, ինչո՞ւ ընտրություններից հետո», - հարց է բարձրացնում Հակոբյանը. - «Մեր գնահատմամբ, սա քաղաքական հետապնդում է, քաղաքական ռեպրեսիաներ և քաղաքական տեռոր»։

Երկրորդ նախագահի ղեկավարած դաշինքի անդամ, Դաշնակցական Իշխան Սաղաթելյանն էլ մեղադրանքները կեղծ է որակում՝ պնդելով, թե հստակ հետապնդումներ իրականացվում Սյունիքի համայնքապետերի, «Հայաստան» դաշինքի համախոհների նկատմամբ. - «Քաղաքական հետապնդումները շարունակվում են, և մենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք այս ամեն ինչ դեմ, որպեսզի թույլ չտանք կոտրեն մեր ժողովրդի դիմադրողականությունը և ապօրինի մեղադրանքներով մեկուսացնեն մեր համակիրներին։ Ամենևին պատահական չի, որ երկու համայնքի ղեկավարները, որոնցից մեկին արդեն կալանավորել են, իսկ մյուսին պատրաստվում են, «Հայաստան» դաշինքի համամասնական ցանկի մեջ ընդգրկված թեկնածուներ են։ Նիկոլի ձեռքը ճար լինի, մեզ ձայն տված բոլոր 270 հազար քաղաքացիներին հատ-հատ կձերբակալի։ Ակնհայտ է, որ փորձելու են էդ ճանապարհով գնան, փորձելու են ճնշումները շարունակեն, բայց մի շատ կարևոր հանգամանք և փաստ չեն հասկանում, որ դա մեզ չի ընկճելու ու մեզ մեր պայքարից հետ չի պահելու»։

«Հաշվեհարդար չկա», - Սյունիքի համայնքապետերի կալանավորումներին անդրադառնալով՝ այսօր հայտարարել է Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։ - «Եթե իրավապահները ունեն փաստեր, որի արդյուքնում որևէ մեկը պիտի կալանավորվի, ուրեմն պիտի կալանավորվի։ Հաշվեհարդար չի կարող լինել, որովհետև հաշվեհարդար տեսնողը, որոշում ընդունողը ժողովուրդն է։ Ժողովուրդը իր որոշումը ընդունել է հունիսի 20-ին»։