ԵՄ-ն խոստացել է «Հյուսիս-հարավ»-ի հարավային հատվածի համար շուրջ 600 մլն եվրո տրամադրել

«Հյուսիս-հարավ» մայրուղու Սյունիքի մարզն ընդգրկող հարավային հատվածի համար Եվրամիությունը շուրջ 600 մլն եվրո է տրամադրելու, հայտարարեց այսօր ճանապարհի Գյումրի-Թալին հատվածի շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով Շիրակի մարզ այցելած տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատարը։

«Եվրամիությունն իր հերթին ֆինանսավորման աջակցման ցանկություն է հայտնել «Հյուսիս-հարավ»-ի հարավային հատվածը ֆինանսավորելու ուղղությամբ, և եթե չեմ սխալվում, շուրջ 600 միլիոն եվրոյի մասին է խոսքը, որը բավականին մեծ գումար է և մեզ թույլ կտա, քանի որ մենք արդեն ունենք նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, և արդեն իսկ կառավարությունը որոշում ուներ, ամեն ինչ պետք է անենք օգոստոս ամսվա դրությամբ մրցույթ հայտարարել: Հիմա մեր խնդիը ֆինանսական աղբյուրներն ավելի հստակեցնելն է, որ կարողանանք պրոցեսն արագացնել», - ասաց Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ Եվրամիությունը ծրագրին աջակցելու դեռ խոստում է տվել, առայժմ սպասում են, թե երբ այն գումարի ու ճանապարհաշինական ծրագրի կվերածվի. «Եվրամիության աջակցության խոստումը կա, հիմա պետք է ավելի առարկայական հասկանալ` ինչպես, ինչ մեխանիզմով, որ խողովակով, նոր ըստ այդմ կատարել մեր հետագա աշխատանքները: Այնուամենայնիվ, անկախ Եվրամիության աջակցությունից մենք արդեն իսկ որոշել էինք «Հյուսիս-հարավ»-ի Սիսիան-Քաջարան հատվածի ուղղությամբ շինարարական աշխատանքների մրցույթ հայտարարել, որովհետև մեր փաստաթղթերն արդեն իսկ պատրաստ են»:

«Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման համար նաև իրանական կողմն էր հետաքրքրություն ցուցաբերել, կրկին Սյունիքի հատվածում թունելների ու կամուրջների կառուցման հարցում: Պապիկյանն ասաց, որ բանակցություններն առաջիկայում կշարունակվեն. «Այս փուլում, գիտեք, Իրանի Իսլամական Հանրապետությունում նույնպես նոր են ավարտվել ընտրությունները, ձևավորվում է կառավարություն, և նոր կառավարությունների ձևավորումից հետո մենք կշարունակենք այդ խոսակցությունը», - ասաց նախարարի պաշտոնակատարը:

Հարցադրմանը` «Հյուսիս-հարավի» հատկապես հարավային բարդ ռելիեֆ ունեցող հատվածի կառուցման համար թունելնել ու կամուրջներ են կառուցվելու, որքա՞ն գումար կպահանջվի հարավային դարպաս հասնելու համար, Պապիկյանն ասաց. «Եթե չեմ սխալվում, 1.2 միլիարդ պիտի արժենա միայն թունելների հատվածը, այսինքն` մինչև հասնելը Քաջարան, այնուհետև ևս 250 միլիոն դոլար մինչև Ագարակ»:

Մրցույթ հայտարարելու են, բայց առանց ֆինանսական աղբյուրների հստակեցման, նշեց նա. «Հստակություն չկար, հստակությունը նրանում էր, որ Հայաստանի Հանրապետությունը` մեր կառավարությունն այլ ֆինանսական միջոցներ չլինելու պարագայում սեփական միջոցներով դա կանի: Հիմա շատ ավելի լավ է, որ կան նաև հավելյալ միջոցներ, կհասկանանք` ինչպես ենք դա կազմակերպում»:

Ինչ վերաբերում է տրանշ 3-ին` Գյումրի-Թալին հատվածին, ապա այստեղ ասֆալտապատման աշխատանքներն ընթացքի մեջ են, և ինչպես խոստացել են չինական կառուցապատողները, սեպտեմբերին մոտ 50 կիլոմետրանոց հատվածի մի կողմը կշահագործվի. «Ըստ էության, մոտ ենք դրան, հիմա փորձենք հասկանալ սեպտեմբերի սկզբին, թե սեպտեմբերի վերջին, բայց ամեն ինչ կանենք»:

Տրանշ 2-ում, որն ընդգրկում է Աշտարակ-Թալին հատվածը, շինարարական աշխատանքներ չեն ընթանում: Այս հատվածի շինարարությունն իրականացնող իսպանական ընկերության հետ դատական վեճ կա բացահայտված չարաշահումների փաստով: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ առաջիկայում նոր մրցույթներ կանցկացվեն։ Չբացառեց նաև նույն իսպանական ընկերության հետ բանակցությունը, որ հենց նրանք շինաշխատանքները շարունակեն։

«Մենք այս փուլում էլ ունենք 8 կիլոմետրանոց հատվածի մրցույթ, բաց նաև որոշակի բանակցություններ կան, փորձում ենք նաև հնարավորություն ստեղծել` այս շինարարական աշխատանքները, որ կանգ են առել, ինչ-որ կերպ շարժել առաջ: Մի քանի շաբաթվա ընթացքում մեզ համար պարզորոշ կլինի` նոր մրցույթ ենք հայտարարում, թե պարզապես առկա կապալառուին թույլ ենք տալիս որևէ մեթոդով` իսպանական կառավարության աջակցությամբ, Եվրամիության գործընկերների աջակցությամբ, լուծում գտնել: Հիմա չեմ ուզում բացել որևէ փակագիծ, որովհետև առարկայական դեռ բան չկա»:

556 կմ երկարությամբ «Հյուսիս-հարավ» մայրուղին, որի շինարարությունը նախատեսվում էր 10 տարում ավարտել, արդեն 12 տարի է` կառուցվում է: Բավրայից մինչև Մեղրիի անցակետ ընկած մայրուղու շինարարության հստակ վերջնաժամկետ նախարարի պաշտոնակատարն այսօր էլ չկարողացավ նշել: