ՍԴ դիմումները ծավալուն են, բայց հիմնվում են մտավախությունների և ենթադրությունների վրա, պնդում է Վլադիմիր Վարդանյանը

«Այո, զանգվածային իրավախախտումները հիմք են ընտրությունները չեղարկելու համար, այո, վարչական ռեսուրսի համակարգված օգտագործումը և լայնածավալ օգտագործումը հիմք է ընտրությունները անվավեր ճանաչելու համար, այո, որոշ դրվագներ, որոնք համակարգային բնույթ են կրում, հիմք են ընտրությունները անվավեր ճանաչելու համար, բայց ես այդպես էլ չտեսա կոնկրետ փաստեր, որոնք վկայում էին այդպիսի լայնածավալ, մեծամասշտաբ և սիստեմատիկ խախտումների մասին», - «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց յոթերորդ գումարման Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Սահմանադրական դատարանում ներկայումս քննվող՝ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների առնչությամբ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը շեշտեց․ - «Դիմումները թեև բավականին ծավալուն են, բայց, այդուհանդերձ, դրանք հիմնվում են մտավախությունների և ենթադրությունների վրա։ Այ, օրինակ, ասում են՝ «տեսեք, այ էս քանակի անձնագրեր սարքը չի կարողացել կարդալ», և սա հիմք է տալիս ենթադրելու, որ սա կարող էր հենց այն ձայների թիվը կազմել, որը իշխանությունը, ըստ էության, փորձել է յուրացնել»։

Ապա Վարդանյանը մանրամասնեց․ - «Եթե տրամաբանական իրավական տեսանկյունից նայենք, իհարկե, ես որևիցե կերպ չեմ ուզում Սահմանադրական դատարանի որոշումը կանխորոշեմ, բայց որտեղի՞ց այդ տվյալները ընդդիմության ներկայացուցիչների մոտ։ Նախ, ճիշտ չի խոսել ընդդիմության մասին, ճիշտ է խոսել դիմումատուների մասին, որոնք չորս քաղաքական ուժեր ներկայացրել էին։ Այդ տվյալները, ըստ էության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է հրապարակել։ Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ ինչ-որ ուժը ցանկանար այդ մեխանիզմը օգտագործել՝ այլ անձնագրեր, և այլն, և այլն, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզապես այդ թիվը չէր հրապարակի։ Երկրորդը՝ եթե մենք տեսնենք համակարգը 2017 թվականից առայսօր, թե ինչքան է չկարդացվող անձնագրերի թիվը նվազել, ապա կտեսնենք, որ մենք շատ հստակ պրոպորցիա ունենք, որ այդ թիվը նվազում է, և ենթադրաբար մոտ ապագայում նման խնդիրներ չենք ունենա կամ շատ սակավաթիվ կունենանք»։

Բայց, նշեց պատգամավորը, «տեխնիկան շատ դեպքերում տալիս է իր անհասկանալի արդյունքները»։ «Ես Բուլղարիայում ընտրությունների դիտարկման եմ մասնակցել ընդամենը ամիս-ամիսուկես առաջ, էլեկտրոնային քվեարկության համակարգը շարքից դուրս եկավ որոշ տեղերում, և խնդիրը այն է, որ հակաքովիդային միջոցառումների ընթացքում պարբերաբար անհրաժեշտություն էր առաջանում ամեն ընտրողից հետո հատուկ նյութով սրբել այդ սարքերը, և տեխնիկան՝ խոնավություն, սպիրտային լուծույթ և այլն, շատ դեպքերում շարքից դուրս էր գալիս։ Հիմա, սրա մեջ կարելի՞ է դիտավորություն որոնել, թե՞ ոչ՝ իմ կարծիքով՝ ոչ, որովհետև և դիտորդները չեն արձանագրել նման դիտավորություն, որովհետև իհարկե դու չես կարող կանխորոշել տեխնիկայի վարքագիծը։ Տեխնիկայի առկայության պարագայում դու միշտ կարող ես ունենալ խնդիրներ», - ասաց Վարդանյանը։

«Երրորդը՝ երբ որ, այդուհանդերձ, համակարգը չի կարդում անձնագիրը, և տվյալները մուտք են արվում ձեռքով, ապա համակարգը, այդուհանդերձ, ընդունում է այդ տվյալները և դուրս է բերում համապատասխան կտրոն՝ նկարով, որը հնարավորություն է տալիս նույնականացնել անձին, և անձը կարող է քվեարկել», - նշեց Վլադիմիր Վարդանյանը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հուլիսի 11-ի թողարկման ժամանակ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․