ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում կազմակերպության հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին:
«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի, [անդամ երկրներից մեկի վրա] հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», - ասել է նա:
Այս թեմայով «Ազատությունը» զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Ռուբեն Ռուբինյանի հետ:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Փաստորեն ՀԱՊԿ-ը Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը համարում է սահմանային խնդիր և կարծում է՝ չի համապատասխանում դա կազմակերպության կանոնադրության դրույթներին:
Ռուբինյան. - Տվյալ հայտարարությունը, բնականաբար, տարօրինակ է մեզ համար մի քանի պատճառով. նախ, պարոն Զասը նշում է, որ, փառք Աստծո, զոհեր չկան, ցավոք, զոհ կա, այս ընթացքում հայ զինծառայող է սպանվել ադրբեջանցի զինվորի կողմից, գերեվարվածներ են եղել: Երկրորդը՝ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածի, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների արձագանքման ՀԱՊԿ կանոնակարգի հիման վրա: Ի՞նչ են դրանք նախատեսում, օրինակ, ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածը, որի հիման վրա Հայաստանը դիմել է, այդ կետը նախատեսում է հետևյալ դեպքերը, երբ, օրինակ, ՀԱՊԿ անդամին կամ ՀԱՊԿ անդամներից մի քանիսի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը կամ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիք կա:
Այսինքն ՀԱՊԿ-ն ունի գործիքակազմ կամ ՀԱՊԿ-ն ունի պարտավորություն արձագանքել ոչ միայն ուղիղ ագրեսիային կամ այսպես ասած ռազմական գործողություններին, այլ նաև ՀԱՊԿ անդամի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անվտանգությանը առկա սպառնալիքի դեպքում: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող վիճել, որ այն իրավիճակը, որը տիրում է մեր սահմաններին, 100 տոկոսով համապատասխանում է 2-րդ հոդվածին:
Իհարկե, մենք հասկանում ենք և գաղտնիք չէ, որ սա ըստ էության առաջին այսպիսի դեպքն է ՀԱՊԿ-ի համար, այսինքն առաջին դեպքն է, երբ որ ՀԱՊԿ անդամն այս հոդվածի հիման վրա դիմել է և ինչ-որ առումով ավանդույթ էլ չկա, և ինչ-որ առումով սա ՀԱՊԿ-ի համար նաև ստուգատես է, բայց կա մի փաստ, որ ՀԱՊԿ-ը ունի պարտականություններ: Այսինքն ՀԱՊԿ անդամ երկրները որպես մեկ կազմակերպության անդամ փոխկապակցված են պարտավորություններով, և կա ՀԱՊԿ գործիքակազմ, որը պիտի գործի: Մենք շարունակելու ենք մեր ՀԱՊԿ գործընկերների հետ աշխատանքներ տանել այս ուղղությամբ և կարծում եմ, որ մոտ օրերս նաև մեր համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները աշխատանքային կարգով կապի մեջ կլինեն մեր գործընկերների հետ:
«Ազատություն». - Իսկ հանրությանը հայտնի կդառնա՞ ինչ-որ ձևով արձագանքը:
Ռուբինյան. - Ես մեծ հաշվով դիրքորոշումը ներկայացրեցի, մնացածն արդեն մեր համապատասխան գերատեսչությունները աշխատանքային կարգով կիրագործեն այն, ինչ պետք է իրագործվի:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.