Ռուսաստանում կորոնավիրուսով մեկ օրում ախտահարվել է 24 հազար 439 մարդ

Կորոնավիրուսով ախտահարվածներին փոխադրող շտապօգնության մեքենաների հերթը Պոկրովսկայա հիվանդանոցի մոտ, Սանկտ Պետերբուրգ, արխիվ, 12 հունիսի, 2021թ.

Ռուսաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 24 հազար 439 մարդ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է այս տարվա հունվարի 15-ից ի վեր: Մահացել է 697 մարդ, ինչը նույնպես ամենաբարձր թիվն է համավարակի բռնկումից սկսած:

Ընդհանուր հաշվով Ռուսաստանում ախտահարվել է 5 միլիոն 585 հազար 799 մարդ, մահացել է 137 հազար 262 հիվանդ:

Մայրաքաղաք Մոսկվայում մեկ օրում 7 հազար 446 մարդ է վարակվել, Սանկտ Պետերբուրգում՝ հազար 733, մահացել է համապատասխանաբար 116 և 110 հիվանդ:

Տվյալ պահին Ռուսաստանում կորոնավիրուսից բուժում է ստանում 395 հազար 120 հիվանդ:

Ռուսաստանում կորոնավիրուսի ախտահարումների և մահվան դեպքերի վիճակագրության աճը բացատրվում է պատվաստման ցածր ցուցանիշով: