Պուտինն ու Մակրոնը պատրաստակամ են համակարգել ԼՂ հարցի կարգավորման տարբեր ասպեկտներ

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույցում ի թիվս մի շարք այլ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ` Վլադիմիր Պուտինն Էմանյուել Մակրոնին համառոտ ներկայացրել է եռակողմ համաձայնագրերի իրականացման ընթացքի մասին:

Նշվել է, որ իրավիճակը տարածաշրջանում, հիմնականում պայմանավորված ռուս խաղաղապահների ներկայությամբ, մնում է կայուն: Նախադրյալներ են ստեղծվել բնականոն տնտեսական գործունեության հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար:

Ռուսաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել ռազմական գործողություններից տուժած տարածաշրջանների բնակչության հումանիտար խնդիրների լուծման գործում եվրոպացի գործընկերների, մասնավորապես Ֆրանսիայի սերտ ներգրավման անհրաժեշտության վրա:

Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները փոխադարձ պատրաստակամություն են հայտնել՝ համակարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտները, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով: