«Հայաստան» դաշինքը դիմեց ՍԴ՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները

Սահմանադրական դատարանում այսօր գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

Ըստ Թովմասյանի՝ 10։40 -ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։

Հիշեցնենք՝ այսօր մինչև ժամը 18-ը Սահմանադրական դատարանը կընդունի 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին դիմումներ։

Մինչ այս պահը նման մտադրության մասին հայտնել են ընտրություններին մասնակցած երեք քաղաքական դաշինքներ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետականի մասնակցությամբ կազմված «Պատիվ ունեմ»-ը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած «Զարթոնք»-ը։

Այս ուժերը հայտարարում են, որ գրանցված ընտրախախտումներն ազդել են ընտրությունների արդյունքի վրա։

Տե՛ս նաև այստեղ