Մոսկվայում սկսել են պատվաստել աշխատանքային միգրանտներին

Մոսկվայի իշխանությունները սկսել են աշխատանքային միգրանտներին պատվաստել կորոնավիրոսի դեմ։

Մեգապոլիսի հարավ-արևելքում գտնվող «Սադովոդ» շուկան դաշտային պոլիկլինիկայի է վերածվել։ Այստեղ տեղակայված ժամանակավոր կետերում ներարկումներ են կատարվում։

Ուզբեկստանի քաղաքացի Ուսանբոյնը ասել է, որ շուրջ բոլորը քովիդ է, չի ցանկանում վարակվել, ուստի որոշեց ինքն էլ պատվաստվել։

Պատվաստումն անվճար չէ՝ 1300 ռուբլի են վճարում գործատուները։ Այն ընկերությունները, որտեղ աշխատում են միգրանտները, պետք է նրանց ցուցակները ներկայացնեն ու վճարեն պատվաստանյութի համար։ Միգրանտների մի մասը աշխատում է սրճարաններում ու ռեստորաններում, իսկ Մոսկվայի սննդի օբյեկտներում աշխատողների համար պատվաստվելը պարտադիր է։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ քաղաքային տնտեսությունում ոլորտներ կան, որտեղ աշխատողների շուրջ 60 տոկոսը միգրանտներ են։

Ռուսաստանի իշխանությունները միգրանտներին հատկացնում են ռուսական դեղամիջոցի «Սպուտնիկ լայց» տեսակը, որը վերջերս է ստեղծվել։