Ալեն Սիմոնյանը` Քոչարյանին. ԱԺ-ն ընտրված է 5 տարով, այլ կանխատեսում անելը սխալ է

Այս խորհրդարանն ընտրված է Սահմանադրությամբ նախատեսված 5 տարի ժամկետով, և այլ կանխատեսումների հիմքեր չկան, գործող Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությանը, թե այս խորհրդարանը 1.5 տարվա կյանք ունի։

«Խորհրդարանն ընտրված է 5 տարի ժամկետով, և որևիցե այլ կանխատեսում անելը, կարծում եմ, սխալ է: Ինչ վերաբերում է` ճգնաժամը լուծված է, թե չէ, կարծում եմ` իր մասով ՀՀ քաղաքացին իր ճգնաժամը լուծել է, և իր գնահատականները զուտ հիմնված են իր ցանկությունների և պատկերացումների վրա», - ասաց Սիմոնյանը:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտահերթ ընտրություններում երկրորդ տեղը գրաված ու 29 մանդատով խորհրդարան անցած «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարեց, թե այս խորհրդարանական ընտրություններով ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում չի հաղթահարվել, և իրենք պայքարելու են այն հաղթահարելու համար. «Չէր կարող կարգավորվել, քանի որ նույն թիմը, որը պատճառ է հանդիսացել ճգնաժամի, մնացել է իշխանության գլխին: Ըստ էության, այն, ինչի համար կազմակերպվել են այս արտահերթ ընտրությունները, այդ նպատակին չեն ծառայել: Կրկնում եմ` այս նույն իշխանական թիմը մնացել է իշխանության գլխին, ուրեմն ճգնաժամի պատճառը չի հաղթահարվել»:

Նախկին նախագահը, որն ավելի վաղ ակնարկել էր, որ իրեն խորհրդարանում չի պատկերացնում, երեկ էլ չհստակեցրեց՝ կվերցնի մանդատը, թե ոչ։ Իսկ նրա մյուս հայտարարությունները Ալեն Սիմոնյանը հակասական է որակում, Հադրութի ու Շուշիի կորստին վերաբերող Քոչարյանի մեկնաբանություններին էլ հակադարձում է` ժամանակին Մեղրիի շուրջ ունեցած Քոչարյանի պայմանավորվածություններով. «Խոհանոցային մակարդակի զրույցները մի մարդու կողմից, ով Մեղրին էր պատրաստվում հանձնել Ադրբեջանին և այլն, ով 5 հազար զոհ է ասում` հաշվի չառնելով մարդկանց հույզերը, ով որ մարդկանց վիրավորում և մեղադրում է այն բանի մեջ, որ իրեն չեն ընտրել, տարբեր ձևակերպումներով փորձում է նվաստացնել այն 700 հազար մարդկանց, ովքեր գնացել և քվեարկել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն ժամանակ ինքը բացատրում է, թե ինչի են քվեարկել, իր մեկնաբանությամբ, և միևնույն ժամանակ իրենք դիմում են Սահմանադրական դատարան` անվավեր ճանաչելու:

Մեկը մյուսին շատ հակասող բան է, այսինքն` եթե դու բացատրում ես, ինչ-որ 4 կետ էր բերում, բացատրում է` ով է ընտրել և այլն, բա ինչո՞ւ ես դիմում Սահմանադրական դատարան: Մի խոսքով` խառն են իրենք շատ, կարծում եմ` դեռ երկար են խառը լինելու», - շեշտեց Ալեն Սիմոնյանը:

«Ազատություն» - Տեսեք, պարո՛ն Սիմոնյան, ինքն ասում է Հադրութ, Դուք հիշեցնում եք Մեղրիի պայմանավորվածությունը: Մյուս ընդդիմադիր գործիչներն ասում են` Քոչարյանը ձեզ համար ամենահարմար ընդդիմությունն է, անընդհատ կհիշեցնեք նախկիններին, նրա պայմանավորվածությունները, հանցագործություններ, Մարտի 1, Հոկտեմբերի 27, և սա ձեզ համար ամենակոմֆորտ ընդդիմությունն էր, որ կարող էր լինել: Հենց այդ պատճառով էլ դուք Քոչարյանին աճեցրիք, բերեցիք այս փուլին: Այդ ընդդիմադիրներին ինչպե՞ս կպատասխանեք:

Ալեն Սիմոնյան - Գիտեք` ի՞նչ, բոլոր այդ մեղադրանքներին` թե Ձեր նշած, թե՛ Հադրութի, թե՛ մնացածի հետ կապված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ամսի 20-ին իրենց պատասխանը տվեցինք:

«Ազատություն» - Իրենց արձագանքը տվեցինք քաղաքացիները, բայց ձեզ համար ավելի հարմա՞ր է, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին ունենալ` որպես խորհրդարանում ամենամեծ ընդդիմություն:

Ալեն Սիմոնյան - Չէ, տենց հարմարության հարց չկա: Հետո մենք չենք որոշում` ով լինի մեր ընդդիմությունը, եթե տենց նախասիրության մասով եք ասում, բնական է` շատ ավելի լավ կլինի, որ ընդդիմությունը լինի կառուցողական:

«Հայաստան» դաշինքին ձեռնտու չէր գալ իշխանության. ԼՀԿ

Քոչարյանը երեկ անդրադաձել էր ոչ միայն գործող իշխանությանը, այլ նաև խորհրդարանական ընդդիմությանը։

«Մենք վերականգնելու ենք հավատը խորհրդարանական ընդդիմության նկատմամբ, որովհետև վերջին տարիներին խորհրդարանական ընդդիմությունը բազմաթիվ գործարքների է գնացել իշխանության հետ և կորցրել վստահությունը», - ասել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

«Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանն անլուրջ է որակում երկրորդ նախագահի այս մեղադրանքը. «Ես նման հայտարարությունն անողներին լուրջ չեմ ընդունում: Եթե իրենք ցանկություն ունենային մեծամասնություն ստանալ, խոսքը «Հայաստան» դաշինքի մասին է, իրենք կպահեին քարոզարշավի ընթացքում իրենց ադեկվատ: Ի՞նչ է նշանակում պահել ադեկվատ. երբ դու գիտես, որ երկրում կան ավելի շատ մարդիկ, ովքեր քեզ չես սիրում, քան սիրում են, բայց դու շարունակում ես ցույց տալ, որ դու այնքան ուժեղ տղա ես, որ հեսա մի օր մնաց, հեսա երկու օր մնաց, քանի ժամ մնաց, հեսա դու գալու ես, հեղափոխությունը ռեվերս ես անելու և այս իշխանությանը պատժելու ես, դու պիտի հասկանաս, որ քեզ չսիրող մարդկանց այդ մեծ ընտրազանգվածը կոնսոլիդացվելու է իշխանության շուրջ:

«Հայաստան» դաշինքին ձեռնտու չէր գալ իշխանության, որովհետև սրանք այնքան սուտ խոստումներ են եղել, դրանք անիրականանալի խոստումներ են եղել, պարզապես մտադրություն են ունեցել խաղալ հասարակության, մարդկանց հույզերի հետ և դրա դիմաց ստանալ քվե, ձայն և մանդատ: Չէր խանգարում իրենց անձեռնմխելիության մանդատը, որպեսզի կարողանան գոնե ինչ-որ ժամանակով խուսափել քրեական հետապնդումներից»:

Գործող խորհրդարանի մեծությամբ երկրորդ խմբակցությունից՝ «Բարգավաճ Հայաստանից» որևէ կերպ չարձագանքեցին իշխանությունների հետ գործարքի գնալու վերաբերյալ իրենց ուղղված մեղադրանքներին։