«Հայաստան» դաշինքի անդամի խոսքով` ճգնաժամը հաղթահարված չէ, պայքարը շարունակվում է

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ, երկրորդ նախագահի առաջնորդած «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Խաչատրյանը չի կիսում վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի տեսակետը, թե ԱԺ արտահերթ ընտրություններով ավարտվեց պատերազմից հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամը: Ավելին` ընդդիմադիր գործչի խոսքով` պայքարը շարունակվում է:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ընտրողների ձայների 53.91 տոկոսը, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը` 21.9 տոկոս, իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոս։

Ստորև ներկայացնում ենք հատվածներ Արթուր Խաչատրյանի հետ զրույցից.

«Ազատություն» - Պարո՛ն Խաչատրյան, վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, համաձա՞յն եք:

Արթուր Խաչատրյան - Չէ, ներքաղաքական ճգնաժամ առաջացավ, որովհետև մենք պարտվեցինք պատերազմում, և նաև հետպատերազմյան զարգացումները էլ ավելի խորացրեցին ճգնաժամը: Եվ քանի դեռ այդ հետպատերազմյան զարգացումների արդյունքում առաջացած բացասական երևույթները չեն վերացել, և երկիրը չի դուրս եկել զարգացման հետագծի վրա, ինչն այս իշխանությունների դեպքում ես կարծում եմ` անհնար է, ես կարծում եմ` ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին խոսելը առնվազն կա՛մ միամտություն է, կա՛մ ուղղակի մարդկանց հերթական անգամ կեղծ հույսեր տալ է:

«Ազատություն» - Ըստ ամենայնի, նկատի ունի, որ փողոցից պայքարը տեղափոխվում է խորհրդարան, խնդրեմ, եկեք, ինչքան ուզում եք, քննադատեք, ձերն առաջարկեք:

Արթուր Խաչատրյան - Խորհրդարան գալը և փողոցային պայքար շարունակելը փոխադարձաբար բացառող պատահարներ չեն: Եվ պայքարը կարելի է և պետք է տանել թե՛ խորհրդարանում, թե՛ արտախորհրդարանում, թե՛ փողոցում: Թող ինքը մեր փոխարեն չորոշի` մենք փողոցում շարունակելու ենք պայքարել, թե չէ:

«Ազատություն» - Նաև ձեր կողմից ճգնաժամի պատճառ բերվում էր, որ սա այլևս 2018-ի 70 տոկոսանոց իշխանությունը չէ, կորցրել է լեգիտիմությունը: Հիմա վերգտավ` 70 չէ, 54:

Արթուր Խաչատրյան - Հա, բայց մի մոռացեք, որ ինքը հաջողացրեց 3 տարվա ընթացքում կորցնել մոտ 200 հազար ձայն, կարծեմ, ավելի մեծ կորուստ արձանագրել են մեկ էլ հանրապետականները 18 թվականին` 17 թվականի համեմատ: Այսինքն` ինքը կորցրեց 190 հազար հոգի մարդ, ինքը խորհրդարանում կստանա ակտիվ ընդդիմություն, իրական ընդդիմություն, արմատական ընդդիմություն, որը խորհրդարանում իրեն շատ այլ կերպ կպահի, քան մինչ այս գործող ընդդիմությունը:

Այնպես որ, չէ, լեգիտիմության մասին եթե խոսում ենք, թող Սահմանադրական դատարանի որոշումը գա, որովհետև Վարչական դատարանի որոշում ունենք, որն արձանագրել է, որ եղել են խախտումներ: Այնպես որ, այս հայտարարությունները, որ սա առանց խախտումների անցկացված միակ ընտրությունը, արդեն այդպիսին չէ:

Հիմա մնում է մյուս խնդիրները տեսնել, թե այդ խախտումները որքանով են ազդել ընտրությունների ելքի վրա: Իսկ որ այդ խախտումները եղել են աստղաբաշխական չափերի, կարծում եմ` որևէ մեկի համար գաղտնիք չի: Օրինակ` վարչապետը գնացել է, վարչապետի ԺՊ եղած ժամանակ, տեսեք, գնացել է ինչ-որ գյուղ, ասում է` այս գյուղի ճանապարհը պետք է ասֆալտապատենք, շրջվում է, տարածքային կառավարման նախարարին ասում է` ե՞րբ կասֆալտապատենք, մինչև այս տարվա վերջ: Այսինքն` եթե դա բացահայտ ընտրակաշառք չի, ապա էլ ի՞նչ է:

Ստացել ենք այսքան ձայներ, մենք այդ ձայների տերը պետք է լինենք և քիչ-քիչ պետք է մեծացնենք մեր ներկայությունը խորհրդարանում, նաև գալիք ընտրություններին, որոնք մեր խորին համոզմամբ` էլի լինելու են արտահերթ, որովհետև այս իշխանությունները նախ Սահմանադրության փոփոխության հարց են տալու, երկրորդը` քանի որ ճգնաժամը չի հաղթահարվել, խորանալու է, թե՛ Արցախի հետ կապված, թե՛ տնտեսության հետ կապված, կլինեն նոր արտահերթ ընտրություններ` իմ խորին համոզմամբ: Եվ արդեն այդտեղ շատ ավելի լուրջ կլինի պայքարը:

«Ազատություն» - Բայց այս հայտարարությունները հնչում են ժամանակին ձեր ասածի ֆոնին, որ ոչ մի ձայն էլ չունի այս իշխանությունը, վստահություն չունի, և ձեր նշաձողը հիշեք` քարոզարշավին հայտարարել, որ իշխանության ժամերը հաշված են, վերջնահաշվարկ էիք դրել, և պարզվում է` դա ընդամենը 21 տոկոս է, պարո՛ն Խաչատրյան:

Արթուր Խաչատրյան - Դա ընդամենը 21 տոկոս է, բայց 270 հազար հոգի մարդ է, դա նշանակում է, որ բնակչության զգալի մի հատված մեզ է վստահել: Մենք մնացել ենք հիմնական ընդդիմադիր ուժ, և մենք պատվով կկատարենք մեր այդ առաքելությունը, հետագայում նաև իշխանությունը փոխելու:

«Ազատություն» - Ո՛չ միջազգային, ո՛չ տեղական դիտորդները ընտրությունները չեն համարում կեղծված այն իմաստով, որ խախտումները որևէ ազդեցություն չեն ունեցել: Ավելին` երևի ծանոթ եք, անգամ ընդդիմության են մեղադրում կեղծիքների փորձերի մեջ, «Անկախ դիտորդին» կարող եմ վկայակոչել, «Ականատեսին», որոնք «Հայաստան» դաշինքի անունն են տալիս այդ թվում:

Արթուր Խաչատրյան - Նախ անկախ դիտորդների մասին որ խոսում եք, ես ուզում էի իմանալ` ո՞ր անկախ դիտորդական կազմակերպության:

«Ազատություն» - Հայաստանյան դաշտում ներկայացված քաղհասարակությունը, պաշտպան կազմակերպություններ:

Արթուր Խաչատրյան - Քաղացիական հասարակությունը, ցավոք սրտի, էապես քաղաքականացվեց դեռևս 2018 թվականին, և դա Հայաստանի վրա խոշոր հաշվով բավականին մեծ բացասական ազդեցություն ունեցավ: Եթե կան կոնկրետ մեղադրանքներ, պետք է դիմեին ոստիկանություն, դատախազություն, քրեական գործեր հարուցվեին: Քանի չկա որևէ կոնկրետ ապացույց, ինչ-որ մեղադրանքներ, թե «Հայաստան» դաշինքը կեղծիքների է դիմել, իհարկե աբսուրդ է:


Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.