Էս ռեժիմն ատելություն ունի ինստիտուցիոնալ լուծումների նկատմամբ, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հանրապետական կուսակցության անդամ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Հայկ Մամիջանյանը։
Ընդգծելով, որ իրենց դաշինքը «կապիտուլյանտների ռեժիմի հետ համագործակցության եզրեր չունի»՝ Մամիջանյանն ասաց՝ կօգտագործեն բոլոր միջոցները՝ որպեսզի ցույց տան, թե ինչ «դավաճանական գործընթացներ են տեղի ունենում»։
Մամիջանյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
Հայկ Մամիջանյան․ - Եթե նույնիսկ թուղթն ու գրիչն առած կապիտուլյանտի խունտայի ներկայացուցիչները վեր կենան ամբիոնից ու սկսեն նախագահ Սարգսյանի թեզերն առաջ տանեն, մեր դաշինքը կապիտուլյանտների ռեժիմի հետ համագործակցության եզրեր չունի։ Թե՛ արցախյան հիմնահարցի պարագայում, թե՛ մնացած բոլոր այլ հարցերում էս ռեժիմն ատելություն ունի ինստիտուցիոնալ լուծումների նկատմամբ։ Իր միակ, լավ ամենացայտուն հաջողությունը, որ ինքն ունեցել է, ՀԴՄ-ների տպելու քանակը․․․ նույնիսկ էդ ինքը ոչ ինստիտուցիոնալ ճանապարհով՝ լայվերով է հասել դրան։ Էլ չեմ խոսում բանակցային գործընթացում ուղիղ կապ Ադրբեջանի հետ, նախկին փորձի մերժում՝ Վենետիկ, Սանկտ Պետերբուրգ, էս ամեն ինչի մասին խոսելով՝ պիտի փաստեմ, որ իրենք ինստիտուցիոնալ մոտեցումների ընկալում չունեն։
«Ազատություն»․ - Ձեր օրակարգը ո՞րն է, մենակ կապիտուլյանտ ասելով չի լինի էլի, պետք է նաև պոզիտիվ օրակարգ ունենանք․ ի՞նչ եք ուզում անել՝ տնտեսական հարցեր, սոցիալական․․․ անվերջ կապիտուլյանտ ասելով միայն հարց չի լուծվելու։
Հայկ Մամիջանյան․ - Մեղմ ասած, մանիպուլյացիա է ներկայացնել Հանրապետականը կամ «Պատիվ ունեմ» դաշինքը որպես մի ուժ, որը միայն ասել է կապիտուլյանտ, որովհետև քովիդի ժամանակ մենք գրավոր առաջարկների փաթեթ էինք, որոշ պահի նույնիսկ օրական ռեժիմով, ուղարկում կառավարությանը, էդ հարցի մյուս կողմն է, որ իրենք դա չէին բացում, ինչ է թե դա գալիս էր Հանրապետականից։ Ես չեմ ուզում սպեկուլյացիա անել կյանքերով, մարդկանց առողջությամբ և ասել, թե ինչքան կյանք կփրկվեր, եթե ընդունեին այդ առաջարկները, բայց փաստ՝ եղել են առաջարկներ, որոնք իրենք չեն ընդունել։ Պատերազմի օրերին ցանկացած հարցով, որով պետությունը դիմել է մեզ, մենք էդտեղ չենք օգնում որևէ ռեժիմի, մենք օգնում ենք պետությանը՝ մեր բոլորի պետությանը, բոլոր փուլերում՝ ամենատարբեր բանակցությունների, խորհրդարանական դիվանագիտության ամենատարբեր դրսևորումների ժամանակ սրանք շատ հաճախ եկել և խորհուրդ են հարցրել խորհրդարանական դիվանագիտության մեր ժամանակների պատասխանատուներից։ Մեր կուսակցության, մեր դաշինքի տնտեսական թիմն ունի մեծ քանակությամբ հետազոտություններ, մոդելներ մշակած, որոնք բոլորն ի սպաս են դրվելու մեր երկրին։
«Ազատություն»․ - Պարոն Մամիջանյան, օրինակ, հայհոյախոսությունը դարձել է քաղաքական բանավեճերի ոճը, Դուք չեք կարծում, որ ժամանակն է դադարել այդ հայհոյախոսությունները և բառամթերքը մի քիչ մաքրել։
Հայկ Մամիջանյան․ - Երկու ասպեկտով պատասխանեմ՝ երբ որ դրա մասին խոսում է կապիտուլյանտը, բայց միևնույն ժամանակ նույն օրն իրականացվում են ձերբակալություններ, երբ որ ինքը մի ձեռքով մուրճ է պահում, մյուս ձեռքով իբր ձեռք է մեկնում, կներեք, դա զավեշտի ժանրից է։ Ինչ վերաբերվում է հայհոյախոսությանը՝ չկա մի մարդ, ադեկվատ մարդ, որը հաճույք ստանա հայհոյախոսությունից, բայց, երբ որ երկիր ենք կորցնում, ու ես սա չեմ ասում նրա համար, որ մի քիչ շատ վյու հավաքեմ, կամ, որ սա կտրեմ ու դնեմ իմ Ֆեյսբուքում, մենք իրոք երկիր ենք կորցնում, երբ որ երկիր ենք կորցնում ես ու իմ ընկերներս կօգտագործենք բոլոր միջոցները՝ հայհոյախոսություն լինի, ձեռնամարտ լինի, փողոցային պայքար լինի, որպեսզի առաջին հերթին մեր համաքաղաքացիներին ցույց տանք, թե ինչ դավաճանական գործընթացներ են տեղի ունենում։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև