«Սպասում ենք ծնողներին։ Ես ուղղակի շատ եմ խնդրում, գուցե դա իմ իրավունքը չի, բայց ծնողները թող գան հանձնեն։ Թող չհավատան, բայց թող գան հանձնեն», - «Ազատության» հետ զրույցում ասում է Դատաբժշկական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինե Բաղդասարյանը։
Նրա խոսքով, պատերազմից 8 ամիս անց էլ հարյուրավոր ծնողներ վախենում են թեսթ հանձնել, որպեսզի հանկարծ չպարզվի ամենաահավորը. - «Անգամ եթե մտածում են գերի ա, բայց տվյալ չունեն, թող էդ ռիսկը ունենան, գան հանձնեն, զույգով գան, հայրը-մայրը միասին գան հանձնեն, որ իրանք համոզվեն, որ դա ճիշտ ա, էդպես ա»։
Շուրջ 100 զոհվածի մարմին էլ նույնականացվել է, պարզվել է նրանց արյունակցական կապը, ծնողները հայտնի են, սակայն նրանք հրաժարվում են մարմինը տանել, հողին հանձնել, չեն վստահում ԴՆԹ փորձաքննության պատասխանին։
«130 կիլոգրամ քաշով տղա եմ ճանապարհել, 13 սանտիմետրանոց ոսկոր են տալիս», - ասում է անհայտ կորած համարվող զինծառայողներից մեկի մայրը։ Փորձաքննությանը նա չի հավատում, քանի որ, ասում է, հենց սկսեցին բողոքի ձայն բարձրացնել, դատաբժշկական կենտրոնից իրենց զանգեցին, թե՝ նույնականացում կա. - «Երբ որ աղմուկը բարձրացրեցի ու հիասթափվեցի էս երկրից, էս իշխանությունից, էն ժամանակ զանգեցին ինձ ասեցին։ Ընդամենը տասը րոպե հետո զանգեցին ու ամուսնուս ասեցին նույնականացում ունեք»։
Կինն ի դեպ ԴՆԹ չի էլ հանձնել, հանձնել է միայն ամուսինը։ Մասունքը վերցնել չեն պատրաստվում. - «Ես սպասում եմ, ես սպասում եմ իմ տղի վերադարձին։ Ինչի՞ մասին ա խոսքը»։
Դատաբժշկական կենտրոնի գենետիկները բացառում են սխալ պատասխան։ - «Եթե մենք կասկածենք, չենք տա էդ նույնականացումը։ Եթե ունենանք կասկած, կանեն էնքան, մինչև համոզվենք, որ դա կա'մ էդպես ա, կա'մ էդպես չի», - ասաց Բաղդասարյանը։
Կենտրոնում ցույց են տալիս դատական գենետիկայի ոլորտի նորագույն սարքերը, վերլուծիչները։ Դրանք այժմ էլ 24 ժամ աշխատում են։ Ամեն օր Արցախում նոր մասունքներ են գտնվում։ Բացի դրանից, անընդհատ ծնողների պահանջով կրկնում են փորձաքննությունն ու, ինչպես Բաղդասարյանն է ասում, ստանում նույն պատասխանը. - «Մենք փաթեթավորել ենք, պատրաստել ենք, որ ծնողը գա, դուրս տանի»։ Փոքրիկ փաթեթներում կնքված ոսկրային հյուսվածքներն են, ծնողները որոշել են արտերկիր՝ կրկնակի եռակի փորձաքննության տանել։ Մարինե Բաղդասարյանը վստահ է՝ սխալ չի լինելու. - «Չի եղել դեպք։ Նաև դա է պահը, որ երբ որ արել են, տեսել են, որ իրանց երեխան ա, էկել են, տարել հուղարկավորել են»։
Ի՞նչ անել Մեծամորի, Մարտունու, Աբովյանի, Հերացու դիահերձարաններում մնացած մարմինները։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախորդ շաբաթ էր ասել, երեկ էլ պնդեց՝ պետությունն ինքը կհուղարկավորի զինծառայողներին մարմինները, եթե հարազատները չվերցնեն. - «Առաջիկայում մենք հանդես կգանք նաև մեր հետագա պատկերացումները այս իրավիճակից դուրս գալու, և մեր զինվորների, մեր հերոսների դիերը հողին հանձնելու, հուղարկավորելու միասնական մոտեցում»։
Առայժմ այլ մանրամասներ չկան։ Ամիսներով ցավի, կասկածների ու անորոշության մեջ գտնվող ծնողների համար սա իհարկե ընդունելի չէ։
Վերջին մեկ շաբաթում դատաբժշկական կենտրոն 7 ծնող է եկել ու ԴՆԹ նմուշ հանձնել առաջին անգամ։ 8 ամիս շարունակ նրանք հավատացել են, որ իրենց որդին ողջ է ու հավանաբար գերեվարված։ 7 ծնողների դեպքում էլ նույնականացում է եղել։
Գենետիկ փորձագետի տպավորությամբ, ծնողները ծանր իրականությունը գերադասում են անորոշությունից. - «Երբ որ մենք ունենում ենք նույնականացում, ունենք բազմաթիվ դեպքեր, երբ որ ծնողները գալիս են ու ասում են շնորհակալություն։ Էդ շնորհակալությունը լսելը շատ ծանր պահ ա։ Բայց հավանաբար իրանց համար ավելի ճիշտ ա ստանալ պատասխան, հասկանալ իրանց երեխայի ճակատագիրը, քան մնալ անորոշության մեջ»։
Քննչական կոմիտեի այսօրվա տվյալով, այս պահին 230 անհետ կորած զինծառայող կա, 142 անանուն մարմիններ սառնարաններում են։ Գենետիկ փորձագետ Մարինե Բաղդասարյանը շեշտում է, որ եթե այս զինվորների մարմինները, մասունքները հողին հանձնվեն ընդհանուր մոտեցմամբ՝ մեկ գերեզմանում, երբ էլ նրանցից որևէ մեկի ծնողը որոշի այնուամենայնիվ գենետիկ թեսթ հանձնել, գտնել որդուն, կամ ինչ որ մեկը արտերկրի փորձաքննությամբ էլ համոզվի, որ զոհվածն իրենն էր, համակարգը հնարավորություն կտա զոհերի անհատաական թվերով պարզել ով ով է .. յուրաքանչյուր մարմին, մասունք իր առանձին թիվն ունի, որ անփոփոխ է մնացել դիահերձարաններից մինչև լաբորատորիա։ Բաղդասարյանն իր անձնական տեսակետն է հայտնում՝ գուցե սկզբում հուղարկավորեն հենց թվերով՝ սպասումով, որ հետո այդ թվերը անուն-ազգանուններ կդառանան։