Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը բացառում է, որ իրենց թիմը որևէ ճնշում գործադրի տեղական մարմինների, մասնավորապես այն համայնքապետերի նկատմամբ, ովքեր այս վերջին ընտրություններում չէին աջակցում ՔՊ-ին: Պետրոսյանը, ով արտահերթ խորհրդարանական ընտրություններին համակարգել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երևանյան շտաբը, ասում է` ինքը որևէ մարզպետի կողմից ճնշումների մասին ինֆորմացիա չունի: Հիշեցնենք` նման դեպքի մասին ահազանգել էր Լոռու մարզի Օձունի համայնքապետը:
Ռոմանոս Պետրոսյանն անդրադառնում է մի շարք այլ հարցերի: Նա «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրն է:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.
Մուրճի ցուցադրության մասին
Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնում 53.6 տոկոս քվե իր ուժին տալու համար: Հարցին, թե պողպատե մանդատը ինչպե՞ս են օգտագործելու, կան դժգոհություններ, որ վենդետաներ են սկսել արդեն, նա պատասխանեց. «Շարունակելու ենք ծառայել ՀՀ-ին ու նրա քաղաքացուն, իսկ պողպատե մանդատը թավշյային փոխարինելը խորհրդանշում է մեր վճռականությունն ու կամքը հետայսու ավելի հասու ու վճռական կերպով վերահաստատելու Հայաստանում օրենքի գերակայություն ու իրավահավասարությունը կյանքի բոլոր ոլորտներում»:
Փաշինյանի` մուրճի ցուցադրումը քննադատեց ՄԻՊ-ը, դժգոհություններ հնչեցրին այլ գործիչներ ևս: Այս մասին բանախոսն ասում է. «Իսկ մեր հարգարժան ՄԻՊ-ը արդյոք քննադատե՞ց մանգաղի ցուցադրությունը, մուրճի ցուցադրությունը ընդամենը օրենքի գերակայության, իրավահավասարության երաշխիքի, պետության կողմից իրեն վերապահված լեգիտիմության, ուժի երաշխիքն էր»:
«Ես բացառում եմ որևէ տիպի ճնշումներ»
«Վստահ եմ, որ մեր մարզպետներն իրենց լիազորությունների սահմանում են գործում, եթե Օձունի գյուղապետը նման հայտարարություն է անում, իրավապահները պետք է հարցեր տան», - նշեց բանախոսը` անդրադառնալով Օձունի համայնքապետի հայտարարությանը:
Արսեն Տիտանյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին, որ մարզպետի աշխատասենյակից դուրս գալուց անմիջապես հետո մի խումբ անձինք հարվածներ են հասցրել իրեն։ Օձունի համայնքապետի ազգակից, Օձունում «Հայաստան» դաշինքի համակիր Սեյրան Տիտանյանն «Ազատությանն» ասել էր՝ համայնքապետին վնասվածքներով է տեսել և կարծում է, թե մարզպետարանում տեղի ունեցածն իրենց քաղաքական հայացքների համար հաշվեհարդար է:
Ռոմանոս Պետրոսյանն ասուլիսի ժամանակ նկատեց, որ կան բազմաթիվ համայնքապետեր, ովքեր նախկին տասնամյակներում իշխել են իրենց գյուղերում, այնտեղ կյանքի որակը ցածր է եղել, հեղափոխությունից հետո սկսել են իրենց հետ աշխատել, զարգացնել համայնքները, իսկ հետո կրկին դարձել են նախկին իշխանությունների քաղաքական ընտրացուցակների անդամներ. «Երբ քաղաքական տուրբոլենտ գոտի մտանք, համայնքապետերից ոմանք փոխեցին իրենց տեսակետներն ու ընդդիմադիր ճամբարներում տեղավորվելով` սկսեցին քննադատել մեր թիմին, մեր գործիչներին այն նույն ժամանակահատվածի համար, որի մասն են կազմել իրենք: Հանրապետությունում մեկ տասնյակից ավելի չեն լինի այն համայնքապետերը, ովքեր հեղափոխությունից հետո մնացել են իրենց քաղաքական դիրքորոշմանը, ընդդիմադիր կեցվածք են դրսևորել և ընդդիմադիր ցուցակներում են տեղ գտել»:
Նրանց վարքը, ասում է Պետրոսյանը, իր համար հարգանքի է արժանի:
Ճնշումների ենթարկելու նորմը որևէ դեպքում ընդունելի չէ, նշեց Պետրոսյանը` հավելելով. «Ես բացառում եմ որևէ տիպի ճնշումներ»:
Նախընտրական քարոզարշավի ծախսերի մասին
Հարց էր հնչել, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխող կուսակցության ավելի քան 470 միլիոն դրամ ծախսի քանի՞ տոկոսն է կազմում նախկինների կողմից իրականացված թալանի` իրենց կողմից առգրավված մասը, Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց. «Այն բյուջեն, որ ծախսվել է նախընտրական հիմնադրամից օրենքով սահմանված կարգով մեր նախընտրական արշավի ընթացքում, ամբողջովին իրենից ենթադրում է մեր համախոհների, կուսակցության անդամների կողմից նվիրաբերված գումարները: Որևէ դրամ այդ որակման աղբյուրներից ՔՊ-ն իրավունք չուներ ներգրավելու և ծախսելու և չի արել»:
«Կոտայքի մարզում ՔՊ-ի մեր ռեգիոնալ թիմը քաղաքական իմաստով գերկարևոր մեծ առաքելություն իրականացրեց»
Օգտատերերից մեկը հարցրել էր, թե Կոտայքն էտալոնային մարզ դարձնելու իր նպատակն ուժի՞ մեջ է, ինչին ի պատասխան նախկին մարզպետն ասաց. «Այո, ուժի մեջ է մնում էտալոնային Կոտայք ունենալու իմ տեսլականը, իմ երազանքը»:
Այս մարզում 52.60 տոկոսով առաջատար էր «Քաղաքացիական պայմանագիրը», այստեղ նախկինում հիմնականում առաջատար է եղել «Բարգավաճ Հայաստանը»:
«Կոտայքի մարզում ՔՊ-ի մեր ռեգիոնալ թիմը քաղաքական իմաստով գերկարևոր մեծ առաքելություն իրականացրեց, ինչի համար շնորհակալ եմ», - այս մասին ասաց Պետրոսյանը:
«Կան տարրեր, որոնք չեն հաշտվում մաքուր, ազատ, թափանցիկ ընտրության փաստի հետ»
Հարց կար նաև այս օրերին հաճախակի ջրանջատումների մասին: Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ դա իր ոլորտը չէ, սակայն կարծում է, որ այս տապին խմելու ջրի խնդիր առաջանում է այնտեղ, որտեղ խմելու ջրի օգտագործման վերահսկողական բավականաչափ մեխանիզմներ չկան. «Շատ բնակիչներ խմելու ջուրն օգտագործում են նաև այգիները ջրելու, ոռոգելու համար: Խնդիրն այդտեղ է, վերահսկողության մեջ է»:
Նա միտում չի տեսնում նաև ընտրությունների օրվա ավարտին` ձայների հաշվարկի ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումների մեջ:
Միաժամանակ Պետրոսյանն ասաց, որ ընտրակեղծիքների մեխանիզմների մեջ մասնագիտացած «տարրերը» պարապուրդի էին մատնվել և ակտիվացել էին ընտրությունների օրը` իրենց քաղաքական ուժերին իշխանության բերելու համար: Չի բացառում, որ ինչ-որ կեղծիքների այդ «տարրերը» գնացել են:
Ըստ ԿԸՀ-ի` վերահաշվարկի արդյունքում ավելացել են իշխող կուսակցության, ինչպես նաև ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի քվեները: «Այսինքն` արձանագրեմ, որ «Քաղպայմանագրի» քվեները նաև որոշ տեղերում գողացված են եղել, դա այդ տարրերի ձեռքի գործն է: Կան տարրեր, որոնք որ չեն հաշտվում մաքուր, ազատ, թափանցիկ ընտրության փաստի հետ»:
«Մենք մենակ 54 տոկոսի քաղաքական իշխանությունը չենք»
ՔՊ վարչության ներկայացուցիչը նկատում է. «Մեր հանրությունը շատ լավ ճանաչում է նախկիններին, գիտի` ովքեր են, ինչպես են կառավարել, ինչ օյիններ են բերել մեր ժողովրդի գլխին:
Մեր ժողովրդին այլևս չես խաբի, չես ուղղորդի, ունենք արժանապատիվ, քաղաքացիական գիտակցություն ունեցող, իրավագիտակից քաղաքացիներ, ովքեր տեր են իրենց իշխանությանը: Մենք մենակ 54 տոկոսի քաղաքական իշխանությունը չենք»:
Ամբողջությամբ դիտեք այստեղ.