Մատչելիության հղումներ

Շարմազանով. Սերժ Սարգսյանն արդյունքն է ասել, որ Փաշինյանը հաղթել է, խոսել է նաև բռնաճնշումների մասին


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով, արխիվ
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Ըստ որոշ քաղաքական մեկնաբանների՝ երրորդ նախագահ, այս ընտրապայքարի մեջ մտած ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը BBC-ի հետ զրույցում ընդունել է արտահերթում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը։ Նրա ղեկավարած Հանրապետականի մամուլի խոսնակը, սակայն, ասում է՝ «Պատիվ ունեմ» դաշինքը հստակ հայտարարել է, որ ընտրությունների արդյունքներն ընդունելի չեն։

Հանրապետականների ու «Հայրենիք» կուսակցության կազմած նախընտրական դաշինքը խորհրդարան է անցել ոչ թե հավաքած ձայների, այլ՝ օրենքի պարտադիր պահանջի արդյունքում, որ նվազագույնը երեք ուժ է մանդատ ստանում։

«Ազատություն» - Հայտարարությունը չի՞ նշանակում, որ դուք ընդունում եք ընտրությունների արդյունքները, պարո՛ն Շարմազանով:

Էդուարդ Շարմազանով - Դա պյուրոսյան հաղթանակ է, եթե սա նույնիսկ հաղթանակ է, սա պյուրոսյան հաղթանակ է:

Սերժ Սարգսյանն արդյունքն է ասել, որ արդյունքով հա, սա հաղթել է, բայց ո՞նց է հաղթել: Դրանից հետո Սերժ Սարգսյանը խոսում է ռեպրեսիաների մասին, որ իշխանությունը բանեցրել է ռեպրեսիաների` բռնաճնշումների, կեղծ քաղաքական շինծու գործերի մեխանիզմը, այդ թվում նաև մեր դաշինքի անդամների նկատմամբ: Հետևաբար այս ընտրությունները ներկայացնել Հայաստանի ժողովրդի ազատ կամքի արտահայտություն, իհարկե, այդպես չէ, և այդպես շատ հստակ գրված է «Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարության մեջ:

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է՝ վերջին հարցազրույցում Սերժ Սարգսյանը ոչ միայն ընտրությունների արդյունքներն է ընդունել. «Նախ` Սերժ Սարգսյանը, կարծում եմ, այդպես լուրջ հիմքեր չուներ հակառակը պնդելու, չէր կարող ասել, որ Նիկոլ Փաշինյանը չի հաղթել ընտրություններում: Եվ այո, նա նաև փաստորեն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը հաղթել է Ռոբերտ Քոչարյանին: Մենք տեսանք, որ երկու նախկին նախագահների միջև բավականին լարված, ընդհատակյա, բայց բավականին լարված պայքար կար իրենց միջև»:

Հանրապետական Էդուարդ Շարմազանովը և՛ համաձայն չէ հնչած մեկնաբանության հետ, և՛ չի կոնկրետացնում` ո՞ւմ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ քննադատում էր ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած ընդդիմադիրներին, ինչից հետո իրենք էլ ստիպված ընտրապայքարի մեջ մտան. «Բոլոր նրանք, ովքեր կարծում էին, որ ընտրություններով կարելի է հասնել Հայաստանում իշխանափոխության այս կապիտուլյանտ և ստախոս իշխանության պայմաններում, կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, նրանք սխալվեցին»:

Դիտարկմանը, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ էր կարծում, որ ընտրություններով կարելի է հասնել իշխանափոխության, ուրեմն նրա՞ն էլ էր վերաբերում քննադատությունը, Շարմազանովն արձագանքեց. «Ես չեմ ուզում որևէ մեկի անունը հնչեցնել, բայց եթե Դուք կարծում եք, որ մարդը սխալական չի, ես այդ կարծիքին չեմ. մարդը սխալական է: Որևէ մեկի նկատմամբ մեր խոսքի մեջ չկա մեղադրանք, կա փաստի արձանագրում: Այո, մենք դեմ ենք եղել ընտրություններին, մենք հստակ նշել ենք, որ նման պայմաններում ընտրություն իրականացնելը սխալ է, որովհետև պատերազմը կեղծողը կկեղծի նաև ընտրությունները»:

Չնայած Արթուր Վանեցյանի գլխավորած դաշինքը ընտրություններին «խայտառակ» բնորոշումն էր տվել, «Պատիվ ունեմ»-ում, ըստ Շարմազանովի, դեռ չեն որոշել՝ Սահմանադրական դատարանում վիճարկելու են ընտրությունների արդյունքները, թե՝ ոչ։ Մանդատները վերցնել-չվերցնելու վերաբերյալ նույնպես վերջնական որոշում չունեն։

Միջազգային ու տեղական դիտորդները միակարծիք են՝ ընտրություններն ընդհանուր առմամբ ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող էին, արձանագրված խախտումներն էլ, ըստ նրանց, չեն ազդել արդյունքների վրա։

Ըստ քաղաքագետի` եթե հեղափոխություն չլիներ, Սերժ Սարգսյանը կձգձգեր ղարաբաղյան բանակցությունները

Սերժ Սարգսյանի մյուս՝ ղարաբաղյան խնդրի լուծման պատրաստակամության մասին հայտարարությանը փորձագետները նույն կերպ են արձագանքում՝ 10 տարի ժամանակ ուներ, ինչո՞ւ չարեց։ Հեղափոխության արդյունքում հրաժարական տված նախկին նախագահը, որը 2018-ին արդեն որպես վարչապետ էր ստանձնել երկրի կառավարումը, պնդել է՝ պատրաստ էր կրել դավաճանի պիտակը, բայց լուծել Ղարաբաղի հարցը։

Արմեն Բաղդասարյանը կարծում է՝ եթե հեղափոխությունը չլիներ, Սարգսյանը կվարվեր այնպես, ինչպես վարվում էր իր նախագահության 10 տարիներին՝ կձգձգեր ղարաբաղյան բանակցությունները հնարավորինս երկար։ Բացի այդ, Ալիևը չէր համաձայնի։

«Այն, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանն իր թիմով ասում էր, որ մեզ ժամանակին չլսեցիք, հիմա նույնն անում է Սերժ Սարգսյանը, ասում է` պիտի ինձ թույլ տայիք, մենք կունենայինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Լաչինչ միջանցք, կարգավիճակ, այսինքն` շատ ավելի լավ, քան հիմա: 10 տարի ժամանակ ուներ, ըստ էության, դա անելու, բայց չարեց», - ասաց Բաղդասարյանը:

Փորձագետ Արեգ Քոչինյանն ասում է՝ Սարգսյանն այս հայտարարությունը մեկ՝ Հանրապետականի ու իր սեփական անձի ռեաբիլիտացիայի նպատակով է արել. «Նույն այդ հարցազրույցի մեջ երբ ինքն ասում է, թե լուրջ բանակցություններ էին գնում, որոնք, կարելի է ասել, արդեն հասել էին լուծման կետին, հիշեցի Ազգային ժողովում ելույթն իր վարչապետ կարգվելու ժամանակահատվածում, 180 աստիճան հակառակ հայտարարությունն էր անում, երբ ասում էր, որ բանակցություններն, ըստ էության, կանգնած են, չկան բանակցություններ, փակուղում են բանակցությունները: Այստեղից հետևություն, որ Սերժ Սարգսյանը ստում էր կա՛մ այն ժամանակ, կա՛մ ստում է հիմա»:

XS
SM
MD
LG