Տնտեսագետը նշում է` չնայած արգելքին, այս ամիսներին Հայաստանում թուրքական ապրանքների պակաս չի եղել

Տոնավաճառ Երևանում, արխիվ

Կառավարությունը որոշել է ևս 6 ամսով երկարաձգել թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը։ Պատերազմի օրերին սահմանված այս արգելքը ուժի մեջ էր մտել նախորդ տարեվերջին և ԵԱՏՄ կարգավորումներով կարող էր կես տարի ժամկետ ունենալ, ուստի կառավարությունը որոշեց այն երկարաձգել։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ այս արգելքը ոչ միայն տնտեսական սանկցիա է պատերազմի ժամանակ Ադրբեջանին անթաքույց աջակցած Թուրքիայի նկատմամբ, այլև հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսավորման դադարեցում։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի խոսքով՝ արգելքի ներդրումից ի վեր Թուրքիայից ներկրման ծավալները նվազել են 70 տոկոսով: Քերոբյանն, այդուհանդերձ, շուրջ 2 երկու ամիս առաջ խոստովանել էր՝ զարտուղի ճանապարհներով թուրքական ապրանք Հայաստան մտնում է։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ այս ամիսների ընթացքում Հայաստանում թուրքական ապրանքների պակաս չի եղել: Ըստ նրա` պատերազմի օրերին ընդունված այս որոշումը լավ մտածված ու հիմնավորված չէր. «Չնայած պաշտոնական վիճակագրությամբ` 70 տոկոսով կրճատվել է նախորդ տարվա համեմատ թուրքական ապրանքների ներկրումը, բայց սպառման շուկայում, մանրածախ առևտրում այդ ապրանքները կան: Այդ ապրանքները ներկրվում են Հայաստան այլ ապրանքների` այլ երկրների անվան տակ և վաճառվում են շատ ազատ: Այս որոշումը երկար մտածված չէր, հիմնավորված չէր` պայմանավորված իրավիճակով, և հետագա ընթացքը ցույց տվեց, որ այս որոշման մեջ կան բազմաթիվ բացեր: Նույն այս կառավարությունն այս ընթացքում որոշումը մի քանի վերանայեց, որոշ ապրանքային խմբեր ավելացրեց»:

Տնտեսագետի խոսքով` այս որոշումը ձևական բնույթ ունի և որևէ տնտեսական վատ հետևանք չի առաջացնում Թուրքիայի համար, և հակառակը՝ տեղական տնտեսվարողներն էլ այս որոշումից չեն շահում. «Այս որոշման հիմքում ընկած է պոպուլիզմը»:

Սուրեն Պարսյանը հիշեցնում է՝ էկոնոմիկայի նախարարն ամիսներ առաջ հայտարարում էր թուրքական ապրանքների վաճառքն էլ արգելելու մտադրության մասին. «Ակնհայտ է, որ նրանք նույնիսկ այդ խոստմանը տեր չեղան, և նրանք ունեն մի որոշում, որը, ըստ էության, չի կատարվում»:

«Ազատությունն» այսօր Երևանի ամենահայտնի տոնավաճառներից մեկում էր. առևտրականներից ոմանք պնդում էին` իրենք թուրքական ապրանքներ չեն վաճառում, սակայն տեսախցիկից դուրս խոստովանում էին՝ շատերն են բերում. «Նորմալ է, պիտի արգելեն, պիտի չգա, պիտի մարդիկ իրենք հասկանան, որ չբերեն»:

Անկողնային պարագաներ վաճառող տղամարդկանցից մեկն ասաց՝ կողմ է կառավարության այս որոշմանը, բայց պետությունը պետք է իրենց աջակցի. «Ասին` Թուրքիայից չի կարելի բերել, հա, համամիտ եմ երկու ձեռքով, ներքինը թող զարգանա, կտորը բերում եք, այստեղ արտադրեք, ծախեք, թուրքինը պիտի՞ ծախենք, մերը ծախենք, բայց աջակցի` ոնց անենք»:

Հարևան երկրից, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի 91 թվականից ի վեր, հիմնականում ներկրվում էր տեքստիլ արտադրանք, ցիտրուսային մրգեր, լոլիկ, շինանյութ, լվացող և մաքրող միջոցներ, սարքավորումներ և այլն։

Պատերազմին ու քովիդին նախորդած 2019-ին թուրքական ավելի քան 268 միլիոն դոլարի ապրանք է ներմուծվել Հայաստան, որից շուրջ 70 միլիոն դոլարի հագուստ։

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր՝ մտադիր են այս արգելքը պահել այնքան ժամանակ, մինչ Թուրքիայից ներկրվող ապրանքները փոխարինվեն Հայաստանում կամ այլ երկրներում արտադրվածներով։