Մատչելիության հղումներ

Ըստ նախարարի՝ թուրքական ապրանքի ներմուծման արգելքը Հայաստանում գնաճի չի հանգեցնի


ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան

Թուրքական ծագման արտադրանքի ներմուծումը Հայաստան կարգելվի երկու ամսից։ Այս որոշումը Կառավարությունն ընդունեց մոտ երկու շաբաթ առաջ։

էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի կանխատեսմամբ՝ թուրքական ծագման ապրանքի ներմուծման սահմանափակումը Հայաստանում գնաճի չի հանգեցնի։

«Չի կարող լինել գնաճ մեկ պարզ պատճառով․ մեր գնահատականները վկայում են, որ այդ վերջնական սպառման ապրանքները, որոնք ներկրվում էին Թուրքիայից առ այսօր, տարեկան 50 միլիոն դոլար արժեքը չեն գերազանցում։ Մենք հինգ միլիարդը գերազանցող ներմուծումներ ունենք։ Դա քանի՞ տոկոս է ընդհանուր ներմուծումների նկատմամբ։ Եթե դիտարկենք յուրաքանչյուր ապրանքային սեգմենտ, և դիտարկենք անգամ այդ 50 միլիոն դրամի մեջ որ ապրանքներն են ընդհանուր սպառման շուկայում իրենց տեսակարար կշռով, կտեսնենք, որ դրանք աննշան տեսակարար կշիռ ունեն։ Եվ համապատասխանաբար, քանի որ շուկայական հավասարակշիռ գինը ձևավորված է տվյալ շուկայում, մեկ փոքր քանակություն եթե փոխարինվում է մեկ այլ փոքր քանակությամբ, մատակարարվում է էստեղից կամ երրորդ երկրից, ինքը շուկայական հավասարակշիռ գնի վրա ազդել չի կարող», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր պարզաբանեց Խաչատրյանը։

Թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը Կառավարությունը հիմնավորեց պատերազմում Ադրբեջանին Թուրիքայի աջակցությամբ։

Անդրադառնալով հարցին, թե ինչ այլընտրանք է Կառավարությունն առաջարկում ձեռնարկատերերին՝ նախարարն ասաց․ - «Դեպքեր կան, որ դա հարևան Իրանն է, դեպքեր կան, որ եվրոպական երկրներն են, դեպքեր կան, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն են։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր ձեռնարկատերերը, այդ բիզնեսում լինելով բավական երկար ժամանակ, բավականաչափ լավ գիտեն, թե որտեղ են դրանց այլընտրանքային շուկաները»։

Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ, նախարարությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը տնտեսվարողներին կաջակցի այլընտրանքային շուկաների վերաբերյալ խորհրդատվությամբ։ Բայց, ըստ նախարարի՝ ձեռնարկատերերը պասիվ են, չեն դիմում նախարարություն, ինչը նշանակում է, որ հենց իրենք էլ զբաղվում են այլընտրանքային ուղիների փնտրտուքով․ - «Եվ այս ընթացքում չի եղել որևէ դեպք, որ որևէ ձեռնարկատեր դիմի մեզ, ասի՝ բա էս ապրանքատեսակը, որ ներկրում էի Թուրքիայից և վաճառում էին Հայաստանի Հանրապետությունում, հունվարի 1-ից էլ չեմ կարողանալու ներկրել, խորհուրդ տվեք, տեսնեմ որտեղից ներկրեմ։ Նշանակում է իրենց գիտեն։ Բայց մենք նաև ասել ենք, որ եթե այնուամենայնիվ կլինեն փոքր բիզնեսներ, որոնք այդ հարցում խորհրդատվության կարիք կունենան, ապա մենք նշանակել ենք համապատասխան մասնագետների խումբ, ովքեր լսեն, կօգնեն, որ գտնվեն համապատասխան տեղեկություններ և կնպաստեն, որ էդ բիզնեսները վերակառուցելու ընթացքում մարդիկ առնչվեն հնարավորինս քիչ խնդիրների»։

Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են՝ hագուստ, ցիտրուսային մրգեր, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, նավթամթերք, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր։ Ըստ Կառավարության, այդ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի լինի։

XS
SM
MD
LG