Ընտրական տարբեր հանցագործությունների փաստերով այս պահին 47 հոգի քրեական հետապնդման է ենթակվում

Ընտրական տարբեր հանցագործությունների փաստերով այս պահին 47 հոգի քրեական հետապնդման է ենթակվում։ Նրանցից 16-ը մեղադրյալներ են, որոնցից մեկն արդեն հեռացել է Հայաստանից։

«Կայացվել է նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում և հայտարարվել է նրա նկատմամբ հետախուզում», - փոխանցում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
20 հազար դրամ ընտրակաշառք բաժանելու համար մեղադրվողը պատգամավորության թեկնածու է, մեր տեղեկությամբ, «Պատիվ ունեմ» դաշինքից. Ընդհանուր առմամբ 7 թեկնածու է քրեական գործերով անցնում։

Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ դեռ քարոզարշավից առաջ ստեղծված աշխատանքային խումբը ընտրական ամենատարբեր առերևույթ հանցագործությունների մասով 727 հաղորդում -ահազանգ է ստացել, 389-ը՝ միայն ընտրության օրը։ Այս պահին 32 քրեական գործ է հարուցված, որոնցից 18-ը ընտրակաշառքն է. - «Կայացած որևէ ընտրության ժամանակ մենք կոնկրետ ընտրակաշառքների հետ կապված նման ցուցանիշ չենք ունեցել, և դա խոսում է այս ուղղությումբ այս ընտրությունների ժամանակ իրավապահ մարմինների կողմից կատարված ծավալուն օպերատիվ-հետախուզական աշխատանքների, միջոցառումների մասին»։

Ըստ Աբրահամյանի, ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերով շատ են օգնել քաղաքացիները. նրանք ոչ միայն հաղորդում են ներկայացրել դատախազություն, այլև մինչև վերջ պնդել են իրենց տեղեկությունը։ Ի դեպ, ընդամենը մեկ քաղաքացի կա, որ մեղադրվում է ընտրակաշառք վերցնելու համար։ Ընտրակաշառքի գործերում հիմնականում մեղադրյալ կամ կասկածյալ են «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները։

«Եկեք սպասենք քննության ավարտին, և եթե քննության արդյունքում կապացուցվի նրանց մեղավորությունը և դա կլինի բոլորիս համար արժանահավատ, ես կընդունեմ այդ արդյունքները։ Եթե կապացուցվի հակառակը, ես կասեմ, որ դա իշխանությունների հերթական հետապնդումն էր մեր նկատմամբ», - վստահեցնում է դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը։

Այս արտահերթ ընտրության քրեական պատկերն ընդհանուր առմամբ ավելի աշխույժ է, քան օրինակ 2017-ի խորհրդարանական ընտրություններինը։ Այն ժամանակ ընտրական հանցագործություններով 20 քրեական գործ էր հարուցվել, իսկ այժմ միայն ընտրակաշառքի գործերն են այդքան։ Դատախազի խորհրդականն ասում է՝ պատկերն ամեն օր դինամիկ փոխվում է, նոր հաղորդումներ են ստանում, նոր անձինք են ներգրավվում, զուգահեռ ստուգողական գործողություններ են կատարվում։

«Ականատես» դիտորդական առաքելությունն էլ երեկ 21 հաղորդում է ուղարկել դատախազություն։ «Խոսքը վերաբերում է քսանմեկ միջադեպերի վերաբերյալ տեղեկատվությանը, որոնք հիմնականում վերաբերել են ուղղորդումներին վերահսկվող քվեարկությանը, քվեարկության գաղտնիության խախտմանը։ Եվ ունեցել ենք առանձին դեպքեր դիտորդների իրավունքների խախտումների, խոչընդոտումների մասով», - ասում է Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանը։

Նա շեշտում է՝ սա միայն ընտրության օրվան է վերաբերում, նախընտրական փուլի վերաբերյալ դիտարկումներ ավելի վաղ էին ներկայացրել։

Իսկ քվեարկության օրվա խախտումների հերոսներն էլ մի քանի ուժեր են. - «Հիմնական մասը մեր կողմից արձանագրված ուղղորդման և վերահսկվող քվեարկության դեպքերի վերաբերում է «Հայաստան» դաշինքին, «Պատիվ ունեմ» դաշինքին։ Նաև ունեցել ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի կողմից ուղղորդման դեպք»։