Մատչելիության հղումներ

Ընտրական հանցագործությունների մասին ստացվել է 727 հաղորդում, հարուցվել է 32 քրեական գործ. ամփոփում է դատախազությունը


Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների շրջանակում Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից ամփոփվել են ինչպես նախընտրական շրջանի, այնպես էլ քվեարկության, քվեների հաշվարկի ընթացքում առերևույթ ընտրական հանցավոր իրավախախտումների, ինչպես նաև բնույթով ընտրություններով պայմանավորված այլ բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումներով իրականացված աշխատանքների արդյունքները:

Ըստ այդմ՝ այսօր ժամը 10-ի տվյալներով ստացվել և ուսումնասիրվել է վերոնշյալ բնույթի ենթադրյալ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ 727 հաղորդում և ահազանգ, որոնցից 338-ը՝ մինչև քվեարկության օրը, 389-ը՝ քվեարկության օրը և դրանից հետո ընկած ժամանակահատվածում:

Նշված հաղորդում-ահազանգերից 217-ը, մասնավորապես, վերաբերում է ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդության, 170-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 96-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 72-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն, 54-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 42-ը՝ ընտրական քարոզչության և նման բնույթի այլ պաստառների հետ կապված գույքային վնասներ հասցնելուն, 10-ը` տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, և այլն:

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 440 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են Ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքների պարզմանն ուղղված անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշվածների մի մասում առկա տեղեկությունները չեն հաստատվել, և դրանք թողնվել են անհետևանք, մյուս՝ մեծ մասով ստուգողական գործողությունները շարունակվում են:

Ընդհանուր 727 հաղորդումներից 287-ը, դատախազության հաղորդագրության համաձայն, ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ նյութեր նախապատրաստելու նպատակով: Դրանց արդյունքում նշված ժամանակահատվածում 32 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, մեծամասնությունը՝ 18, առերևույթ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության հատկանիշներով, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում:

Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 43 անձանց նկատմամբ, որոնցից 16-ին առաջադրվել են մեղադրանքներ, այդ թվում նաև՝ ընտրություններին մասնակցած տարբեր ուժերի պատգամավորության ցուցակներում ընդգրկված 5 անձի:

XS
SM
MD
LG