«Մենք ենթադրում ենք, որ այնուամենայնիվ եղել են զանգվածային խախտումներ, մենք ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում և այդ պատճառով մենք դիմելու են Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները քննարկելու համար», - այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով՝ ընտրությունների արդյունքներն անսպասելի էին իրենց համար։
Ընդգծելով, որ հիմա հավաքագրվում են բոլոր այդ նյութերը՝ Քոչարյաննն ասաց, որ մի քանի օրվա ընթացքում իմի կբերեն և ավելի լավ կպատկերացնեն, թե ինչ ծավալի բողոք է լինելու ՍԴ ներկայացնելու համար։
Նշենք, որ հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներով Քոչարյանի ղեկավարած դաշինքը երկրորդ տեղում է՝ ստանալով ընտրողների 21,04 տոկոսի ձայները։
Մանդատներ վերցնել չվերցնելու հարցով Քոչարյանն ասաց՝ վերջնական որոշում այս հարցի վերաբերյալ դեռ չունեն, բայց իր անձնական կարծիքը հայտնեց․ - «Ես կասեմ իմ անձնական կարծիքը․ ես համարում եմ, որ մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու համար շատ լուրջ նոր հնարավորություններ։ Տրամադրված ենք շարունակել մեր պայքարը՝ պառլամենտական պայքարը միայն կարող է ուժեղացնել, այլ ոչ թե փոխարինելու է փողոցային պայքարը։ Մենք այս տեմպը պահելու ենք, դինամիկան պահելու ենք և մենք այդ ռեսուրսն ունենք»։
Ընդգծելով, որ լրացուցիչ լծակներ են ստացել քաղաքական պայքարի համար՝ Քոչարյանը միևնույն ժամանակ շեշտեց՝ «անձամբ ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում»։