Արցախի հարցում ՔՊ-ի և «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթները էականորեն չեն տարբերվում

Արժանապատիվ խաղաղություն, վերադարձ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միջազգային ճանաչում, բանակի վերակառուցում, վերազինում հզորացում։ Փոքր բացառություններով նման ձևակերպումներ կարելի է գտնել գրեթե բոլոր 26 քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի «Անվտանգություն – Արցախ» բաժիններում։

Դժվար է, սակայն, գտնել պատասխանը, թե ինչպես են պատրաստվում նրանք կյանքի կոչել այս դրույթները։ Տարբեր սոցհարցումների արդյունքներով երկու առաջատար ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» ու Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթները էականորեն չեն տարբերվում։

Եթե Փաշինյանի քաղաքական ուժը ասում է, որ «բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով», ապա Քոչարյանի դաշինքի ծրագրում կարդում ենք․ «Արցախի տարածքի վերականգնում, Հայաստանի հետ երաշխավորված ցամաքային անվտանգ կապի ապահովում»։ Դաշինքը սակայն չի մանրամասնում, թե ինչ ասել է Արցախի տարածքներ՝ օրինակ ԼՂԻ՞Մ սահմանները, թե՞ Արցախի սահմանադրությամբ ճանաչված սահմանները։

Ի տարբերություն Քոչարյանի, մյուս նախկին նախագահի՝ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի մասնակցությամբ «Պատիվ ունեմ» դաշինքը կոնկրետ բնակավայրեր է նշում։ Ասում են՝ միջազգային կառույցների ճնշման միջոցով Արցախին պետք է վերադարձվեն օկուպացված Շուշիի, Հադրութիի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների տարածքները, Շուշի և Հադրութ քաղաքները։

Այս առումով հստակ տարբերվում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի ծրագիրը։ Այստեղ բավականին ծավալուն պատմական ակնարկ կա «Մենք ժամանակին ձեզ զգուշացնում էինք» տողատակով։ Իսկ արդեն իր վերջին հարցազրույցում Տեր-Պետրոսյանը բաց տեքստով ասաց՝ սին են հույսերը, թե բանակցությունների միջոցով հայկական կողմը կկարողանա հողեր վերադարձնել։

Նկատենք՝ նախորդ երեսուն տարիներին Ադրբեջանին ևս չհաջոցվեց բանակցություններով հողեր վերադարձնել։

Չնայած ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման, 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի վարկանիշը անկում է ապրել հայաստանցիների շրջանում, առաջատար բոլոր ուժերը իրենց նախընտրական ծրագրերում անվտանգության հարցերի լուծումը պայմանավորում են Ռուսաստանով։

Իշխող ուժը անվտանգության ապահովման կարևորագույն գործոնը ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությունն է համարում։ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքում խաղաղապահների մասին առանձին նշված չէ, բայց շեշտվում է Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները վերագործարկելու և զարգացման նոր ուղղություններ ձևավորելու մասին։

Հստակ առաջարկ է ներկայացնում «Պատիվ ունեմ» դաշինքը՝ գրելով, թե ռուս խաղաղապահները պետք է ստանան ԵԱՀԿ ներկայացուցչության կարգավիճակ։

Առաջատար ուժերից և ոչ մեկը թե՛ ծրագրում, թե՛ հրապարակային հայտարարություններում դեմ չի արտահայտվել Ռուսաստանի առաջարկած սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը կամ տարածաշրջանային ապաշրջափակմանը։

Եթե վերը նշված ուժերի մոտ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների և ռուսական կողմի առաջարկների վերաբերյալ էական հակասություններ չկան, պատկերն այլ է մի քանի այլ ուժերի մոտ։ Այս առումով բավական սուր են արտահայտվում, օրինակ, Ազգային ժողովրդական բևեռից՝ Ռուսաստանը համարելով Հայաստանի թշնամիներից մեկը։

«Որպեսզի Արևմուտքը չմտնի էստեղ, Ռուսաստանը Թուրքիային է բերում իրեն փոխարինելու համար», - հայտարարում է բևեռի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը։

Ավելի մեղմ հռետորաբանությամբ, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման կողմնակից է նաև «Շիրինյան- Բաբաջանյան» դաշինքը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջադրված ուժերից շատերի ծրագրերը օնլայն հարթակում անգամ հասանելի չեն։ Նրանց հրապարակային ելույթներում ավելի մեծ տեղ է հատկացվում քննադատությանն ու վիրավորանքներ , ավելի քիչ է խոսվում ծրագրային դրույթների ու անելիքների մասին։