Հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Արցախի պաշտպանության բանակում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր, հայտնում է Պաշտպանության բանակն (ՊԲ)՝ ընդգծելով՝ այն բացարձակ անընդունելի է՝ հաշվի առնելով պարզ իրողությունը, որ զինված ուժերը դուրս է քաղաքականությունից:
Արձանագրված դեպքերով նշանակվել է ծառայողական քննություն, տեղեկացնում է ՊԲ-ն՝ նշելով՝ մեղավորները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն։
Պաշտպանության բանակը խստորեն դատապարտում է բոլոր նման միտումները, քաղաքական ուժերին կոչ անում «ձեռնպահ մնալ Արցախի ՊԲ-ն հայաստանյան ներքաղաքական գործընթացներին խառնելու, առավել ևս՝ այս կամ այն թեկնածուի օգտին նախընտրական քարոզչություն իրականացնելու փորձերից»:
«Հարկ ենք համարում նշել, որ այդ գործողությունները դուրս են օրենքից, և բոլոր նրանք, ովքեր կխախտեն քաղաքական գործընթացների հանդեպ չեզոքության կարևորագույն սկզբունքը, պատասխանատվության կենթարկվեն իրավական հարթությունում», - ասված է հաղորդագրությունում: