Թուրքական NTV հեռուստատեսության փոխանցմամբ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառում Շուշիում կնքված հռչակագրով Ադրբեջանի տարածքում թուրքական զինուժի ռազմակայան ստեղծելու հնարավորությունը:
«Այդ տարբերակը տեղավորվում է Շուշիի դեկլարացիայի շրջանակներում: Խնդիրը հնարավոր է քննարկել: Կարծում եմ` դա տեղի կունենա նաև Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների ընթացքում, և մեր բանակցությունների ընթացքում էլ կարող է քննարկվել»,- ասել է Էրդողանը:
Նա ընդգծել է, որ հիմա առաջնահերթ խնդիրն է անվտանգություն ապահովել Ադրբեջանի սահմանների ողջ երկայնքով:
Հունիսի 15-ից 16-ը գտնվելով Ադրբեջանում` Էրդողանը Շուշիում Ալիևի հետ կնքել է համագործակցության հռչակագիր, որի դրույթներից մեկը ենթադրում է ռազմական փոխգործություն այն դեպքում, եթե գոյանում է սպառնալիք կողմերից մեկի անվտանգությանը կամ ինքնիշխանությանը: