Ընտրախախտումների վերաբերյալ 6 դեպքով հարուցվել են քրեական գործեր

Գլխավոր դատախազությունը նախընտրական այս շրջանում ընտրախախտումների վերաբերյալ 140 հաղորդում ու ահազանգ է ստացել, 6 դեպքով քրեական գործեր են հարուցվել, մեծ մասը` ընտրակաշառք տալու -ստանալու կամ կամ միջնորդելու վերաբերյալ, ասում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Չորս քրեական գործը հարուցվել է առերևույթ ընտրակաշառք տալու, ստանալու և միջնորդության փաստերի կապակցությամբ, մեկը հարուցվել է մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով կամ այդպիսի սպառնալիք ներկայացնելով նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու, և մեկը հրավտանգ եղանակով ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու», - մանրամասնեց Աբրահամյանը։

Ընտրակաշառքի այս դեպքերով արդեն 5 մեղադրյալ կա, նրանցից երկուսը՝ պատգամավորի թեկնածուներ, 3-ը կալանավորված են։ Կասկածյալի կարգավիճակ ունի 9 հոգի։

Հատուկ քննչական ծառայությունն այսօր էր ընտրակաշառքի հերթական դեպքի մասին հայտնել, այս անգամ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում։ Մեր տեղեկություններով, ընտրակաշառքը տրվել է համատիրության երկու աշխատակիցների կողմից «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելեու համար։

Սյունիքի, Լոռու, Արմավիրի մարզերից ու Երևանից ունենք բազմաթիվ ահազանգեր ընտրակաշառքների վերաբերյալ, ասում է Դանիել Իոաննիսյանը։ Իրազեկ քաղաքացիների միավորումը «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում դեռ ամիսուկես առաջ մշտադիտարկում է սկսել ընտրական գործընթացների նկատմամբ․ - «Մարզերում մի քիչ ավելի քիչ են գները։ Օրինակ, Գորիսում մեկ անձին 70 հազար դրամ են առաջարկում, Երևանում մի քիչ ավելի բարձր է՝ 100 հազար դրամի կարգի գումարներ են։ Ըստ էության, հիմնականում մեր ահազանգերը «Հայաստան» դաշինքի հետ կապված են։ Ավելի սակավաթիվ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասով»։

5 ընտրող ունեցող ընտանիքը Երևանում 1000 դոլար ընտրակաշառքի առաջարկ ունի, ասում է Իոաննիսյանը։ Նրա փոխանցմամբ, վերջին օրերին ահազանգեր են ստանում Սյունիքի մարզից․ Կապանի ու Գորիսի համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավարներն իրենց աշխատակիցներին պարտադրում են մասնակցել «Հայաստան» դաշինքի հավաքներին։

ՎահեՀակոբյան

Սյունքիի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ով դաշինքի 4-րդ համարն է, այս թեմայով «Ազատության» հարցին հրաժարվեց պատասխանել։ Դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը թե՛ ընտրակաշառքի ու թե՛ վարչական ռեսուրսի չարաշահման ահազանգերը հերքում է, դրանք համարում զրպարտություն՝ իշխանությանը փոխկապակցված անձի, այս դեպքում Իոաննիսյանի կողմից․ - «Նման տեսակ ուղղակի շահերի բախում ունեցող անձը, որը մինչ օրս նույնիսկ դպրոցի տնօրենների հետ կապված իրադարձություններին մեկ նախադասությամբ չի արձագանքել, ես կարծում եմ, նման անձի տեղեկություններին պետք է պարզապես լուրջ չվերաբերվել»։

Վարդևանյանն ինքն է խոսում իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին, շեշտում է՝ անասելի ծավալով․ - «Տեսանք, որ դպրոցի տնօրենը ուղիղ, առանց ինչ-որ այլ ձևակերպումներ օգտագործելու, բառացի այսօր ասեց, որ, այո, երեխաներին դպրոցից բերել են հանրային հավաքի»։

Արամ Վարդևանյան

Արամ Վարդևանյանի խոսքով, իրավական գործընթաց են սկսելու, ավելի վաղ իրավապահներին դիմել են՝ անարձագանք։ Իշխանությունը, ըստ նրա, ուսուցչական կազմին ու դպրոցականներին հավաքների է բերում ճնշումների կիրառմամբ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Մարիա Կարապետյանը ապացույցներ է ուզում, հընթացս շեշտում, թե երեխաների մասնակցությունը հանրահավաքներին քաղաքական աջակցություն չէ․ - «Երեխաները քվեարկելու իրավունք չունեն։ Եթե նույնիսկ տարածքում ներկա են, ուղեկցում են իրենց ծնողներին կամ այլ ավագ անձանց, որոնք նրանց նկատմամբ հոգատարության պարտավորություն ունեն, դա չի կարող ստեղծել քաղաքական աջակցության պատրանք»։

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդները իշխանության կողմից վարչական լծակների օգտագործման փաստ են ֆիքսել երեկ․ Սևանի մշակույթի տանը Գեղարքունիքի մարզից դպրոցական կոլեկտիվներ էին հավաքվել, իսկ հանդիպմանը մասնակցում էին մարզպետ Սանոսյանն ու պատգամավոր Հայկ Սարգսյանը, երկուսն էլ «Քաղաքացիական պայմանագրից»։

Դանիել Իոաննիսյան

Իոաննիսյանն այս հավաքն անթաքույց քարոզչական է համարում, բայց ասում է՝ պարտադրանքի փաստեր չունեն․ - «Օրինակ, աշխատանքային ժամին աշխատանքային պարտականությունների կատարման փոխարեն մարզպետարանի աշխատողները գնում են Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանրահավաքին։ Բայց մենք չունենք որևիցե փաստ, որ իրենց պարտադրում են գնալ»։

Ուսուցիչների դժգոհություն դիտորդները ֆիքսել են, պարտադրանքի փաստեր ՝ ոչ։ «Քրեական հանցագործության մասին խոսել չենք կարող», -ասում է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչը։

Ընտրակաշառքի հայաստանյան շուկայում այս պահին գումարն է, սննդի փաթեթները և երեկվանից ահազանգ կար, թե հավի ճուտիկներ են բաժանում Թումանյան քաղաքում։ Բաժանում է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Փաշինյանի օգտին ձայն հավաքելու համար։

«Ճտերը բերվել են Թումանյան համայնք, մեր համայնքապետարանի մի խումբ աշխատակիցների անմիջական մասնակցությամբ օրը ցերեկով համայնքապետարանի մոտից բաժանվել են մեր բնակիչներին», - «Ազատությանն» ասաց Թումանյանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանը։

Նա նշեց, որ հունիսին 49 անապահով ընտանքիներ 1200 ճուտիկներ են ստացել, ևս 34 ընտանիքի այս ամիս մինչև 25 հազար դրամի աջակցություն են տվել։ Մխիթարյանը պնդում է՝ հանձնաժողովն է որոշել, որևէ քաղաքական ուղորդում չի եղել։

Թումանյանի քաղաքապետի պաշտոնակատարը բարկանում է՝ մի՛ խանգարեք, ծառայում եմ թումանյանցիներին․ - «Ասեմ ավելին, հուլիսին մոզի ա բաժանվելու, օգոստոսին միգուցե խոզի գոճիներ բաժանենք։ Գիտե՞ք խի... Որովհետև ես չեմ էկել գողանալու»։