Մատչելիության հղումներ

Ընտրությունները դիտարկելու համար մինչև այս պահը հավատարմագրվել է մեկ տեղական ՀԿ և երկու միջազգային կազմակերպություն


ընտրություններ Հայաստանում, արխիվ
ընտրություններ Հայաստանում, արխիվ

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար մինչև այս պահը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) հավատարմագրվել է մեկ տեղական հասարակական կազմակերպություն՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ն` իր 67 դիտորդով և երկու միջազգային կազմակերպություն` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խումբը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանն ասաց, որ դիտորդական առաքելություն իրականացնող ընկերությունների համար հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 5-ն է:

«Այստեղ են ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի հիմնական կազմը, և երկարաժամկետ դիտորդները թվով 38-ն են: Հավանաբար նաև կլինեն կարճաժամկետ դիտորդներ, որոնց քանակի վերաբերյալ այս պահին տեղեկատվություն չեմ կարող ներկայացնել: Մյուս միջազգային կազմակերպությունը, որը այս պահին հավատարմագրված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ԱՊՀ դիտորդական առաքելությունն է, մոտ 70 դիտորդներ են հավատարմագրվել», - նշեց Հարությունյանը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ն ընտրությունները դիտարկելու համար հանդես է գալու դաշինքով՝ երեք այլ կազմակերպությունների՝ «Ժուռնալիստների ասպարեզ ակումբ»-ի, «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի ու «Իրավունքի զարգացման և պատշպանության» հիմնադրամի հետ կազմավորել է «Ականտես» դիտորդական առաքելությունը։

Ընտրությունների մասնակիցների թիվը երկրում 2 միլիոն 583 հազար 823 է, մասնակցում է 22 կուսակցություն և 4 դաշինք, ձևավորվել է 2008 ընտրատեղամաս։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ն իր 67 դիտորդներով ինչպե՞ս է պատրաստվում վերահսկել բոլոր տեղամասերը, հետաքրքրվեցինք «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մարիամ Հովեյանից: Ասաց՝ նախատեսում են 400 ընտրատեղամասում 900 դիտորդների ներկայություն ապահովել։

«Նախկինում մենք ունեինք նման պրակտիկա, երբ փորձում էինք բոլոր ընտրատեղամասերում ապահովել դիտորդների ներկայությունը, քանի որ մեր ընտրական պատմությունը ցույց էր տվել, որ դիտորդների ներկայությունն իրոք տեղամասերում կանխարգելում է ընտրախախտումները, բայց այժմ մենք այլ մեթոդաբանություն ենք որդեգրել և ընտրանքի վրա հիմնված դիտորդություն ենք իրականացնում: Այսինքն՝ հատուկ սոցիոլոգիական մեթոդաբանությամբ մշակվում է տեղամասերի քանակ, որտեղ դիտորդների ներկայությունը և իրենց արձանագրումները հետագայում կարելի է տարածել ամբողջ հանրապետության մասշտաբով և ընդհանուր պատկեր ստանալ: Այսինքն՝ դիտարկելով ընդամենը 400 ընտրատեղամաս` մենք կարող ենք մեր արդյունքները տարածել ընդհանուր քվեարկության պրոցեսի վրա», - պատասխանեց Հովեյանը:

Ընտրական պրոցեսները դիտարկող հասարակական կազմակերպությունները հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն աննախադեպ են համարում, որովհետև ընտրապայքարի են դուրս եկել երկրի նախկին ու ներկա առաջնորդները։ Ասում են՝ մթնոլորտը լարված է, բարձր է նաև անկանխատեսելիությունը, թե որ ուժը կհաղթի։ Իրավիճակն այսպես է նկարագրում նաև շուրջ 500 հոգանոց կազմով ընտրությունները դիտարկելուն պատրաստվող «Անկախ դիտորդ» դաշինքը։

Դանիել Իոաննիսյանն «Ազատությանն» ասաց, որ այս դաշինքում միավորվել են իր ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ու մի շարք այլ հասարակական կազմակերպություններ։ ԿԸՀ դիմումը կտանեն մոտ օրերս։

Մինչ այդ Իոաննիսյանն ասաց, որ դեռ մայիսից են սկսել իրենց երկարաժամկետ դիտորդությունը. «Ըստ էության, բավականին լարված է, և մենք 2017 թվականից հետո, ցավոք սրտի, առաջին անգամ ստանում ենք բազմաթիվ ահազանգեր ընտրակաշառքի հետ կապված: Մեր երկարաժամկետ դիտորդությունն Արմավիրի և Սյունիքի մարզերում ընտրակաշառքի և քրեական օրենսգրքով արգելված բարեգործության տեսակների հետ կապված բավականին ահազանգեր ունի արդեն»:

Իոաննիսյանի խոսքով` իրենք նաև շրջիկ խմբեր կունենանք, կփորձեն հնարավորինս գրեթե բոլոր ընտրատեղամասերում ներկայացուցիչների ունենալ: Շուտով կսկսեն մշտադիտարկման տակ պահել նաև լրատվամիջոցների, ոստիկանության, ԿԸՀ-ի և վարչական դատարանների աշխատանքները։

XS
SM
MD
LG