«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավն այսօր շարունակեց Մասիս քաղաքում։ Քարոզարշավն առաջնորդում է ընտրացուցակում չընդրգկված երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, դաշինքը գլխավորում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Մինչ դահլիճ մտնելը փորձեցինք հարցեր ուղղել Սերժ Սարգսյանին։ Նախ հարցրինք՝ եթե «Պատիվ ունեմ» դաշինքը հաղթահարի անցողիկ շեմը, կոալիցիա կկազմե՞ն Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հետ։ Սերժ Սարգսյանն ուղիղ չպատասխանեց. «Գիտեք, մեր ժողովուրդն է ասում չէ՞, մինչև ջուրը հասնելը պետք չի փողքերը քշտել»:
Հետաքրքրվեցինք` այս փուլում Սարգսյանն ու Քոչարյանը դաշնակիցնե՞ր են, թե՞ քաղաքական հակառակորդներ, առավել ևս որ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ վերջին սկանդալային ձայնագրությունը հրապարակելուց հետո անգամ Քոչարյանի համակիրներն էին կարծիք հայտնում, թե Սարգսյանի գաղտնազերծած ձայնագրությունը ավելի շատ Փաշինյանի օգտին էր։ Սարգսյանն այդ հարցը անպատասխան թողեց:
Մասիսցիների հետ հանդիպումը երաժշտական դպրոցի դահլիճում էր: Մինչ սկսելը նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմի զոհերի հիշատակը։
Շարունակությանը չկարողացանք հետևել։ Մեզ դուրս հրավիրեցին՝ պատճառաբանությամբ, թե հանդիպումը լրատվամիջոցների համար նախատեսված չէ։
Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավը հիմնականում փակ դահլիճներում է անցկացվում, լրագրողների մուտքն արգելված է։ Հանդիպումների վայրի ու ժամի մասին նախապես չեն տեղեկացնում, ավելի ուշ տարածում են դաշինքի պատրաստած տեսանյութերը։ Ուղիղ հեռարձակումներ չկան։ Ըստ տեսանյութերի` փակ դահլիճներից բացի, Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ փողոցներում քայլում է կամ բակերում քաղաքացիների հետ շախմատ խաղում ու զրուցում։ Այսօրվա հանդիպման մասին ավելի ուշ կիմանանք, մինչ այդ դաշինքը հրապարակել է մի տեսանյութ Վանաձորում երեկվա հանդիպումից։
«Այդ մարդը բացահայտ ասում է հա՞, ներողություն չմարդը, բացահայտ ասում է` եթե ինքը 60 տոկոս չտանի, ապա խնդիրներ են առաջանալու», - ասում է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախկին ղեկավարն արձագանքել է վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի վերջին օրերի սպառնալից հռետորաբանությանը։ Փաշինյանը երկու օր է՝ քարոզարշավի հարթակներից մուրճով սպառնում է քաղաքական հակառակորդներին, թե ընտրություններից հետո հենց այդ մանդատով էլ գնալու է իրենց հետևից։ «Ընտրություններից անմիջաապես հետո այ այս մանդատով մենք գալու ենք ձեր հետևից, հիշեք, տեսեք` հետո չասեք, չեք ասել», - ասել էր վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանի մուրճին դագանակով կպատասխանեն, զգուշացնում է Սերժ Սարգսյանը. «Հիմա ինքն ինչ ուզում` անում է: Տեսնո՞ւմ եք չէ, թե ձեռքին ինչ է, դե երևի ուզում է, որ ինչ-որ մի անգամ ձեռքից վերցնեն, գլխին տան, որ հասկանա` ինչ է: Էդ ո՞ւմ համար է նախատեսում»:
Փաշինյանի կառավարությունից ամեն ինչ տեսել ենք՝ պարտություն, հազարավոր մահեր, մնացել է քաղաքացիական պատերազմը, դժգոհել է Սերժ Սարգսյանը. «Տակը ի՞նչ է մնացել, տակը մնացել է մի հատ քաղաքացիական պատերազմ, երևի մնացել է այդ մեկը, այդ մեկն էլ թող ցույց տա, որպեսզի ընդհանրապես մեր արժանապատվությունը գա, հասնի զրոյի, բայց մենք պատրաստ պիտի լինենք դրան դիմակայելու»:
Նիկոլ Փաշինյանին թավշյա հեղափոխությամբ իշխանությունը զիջած Սերժ Սարգսյանն այս անգամ վահանով ու դագանակով կդիմադրի նրա պողպատյա հեղափոխության փորձին. «Ես հանդիպումներից մեկի ժամանակ ասել եմ, որ մենք իր այդ պողպատե հեղափոխությանը պիտի դեմ տանք ավելի կարծր նյութից պատրաստված վահան, ձեռքներիս մեկ էլ դագանակ ունենանք, որպեսզի ով որ մուրճը ձեռքին գա, դագանակով գլխին տանք: Ուրիշ ձև չկա, ի՞նչ անենք»: