Մատչելիության հղումներ

Հայաստանի անվտանգությանը, Բաբաջանյանի համոզմամբ, հնարավոր է հասնել միայն ժողովրդավարությամբ


Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում էր այսօր իրականացնում քարոզարշավը Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը, որի առաջնորդներ Արման Բաբաջանյան ու Լևոն Շիրինյանը վերահաստատեցին՝ եթե ընտրվեն և եթե կոալիցիա կազմելու անհրաժեշտություն առաջանա, կմիավորվեն Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրին»։

Արման Բաբաջանյանին հիշեցրեցին իր նախկին ելույթները, որտեղ իշխանությանը մեղադրում էր, իր ձևակերպմամբ՝ փնթի աշխատանքի համար, ինչպես նաև մատնացույց անում մի շարք ոլորտներ, որոնք Փաշինյանի կառավարությունը ձախողել է։

Ի պատասխան Բաբաջանյանն ասաց, թե ընդդիմությունն է խանգարել իշխանությանը բաերփոխումներ իրականցնելու ճանապարհին․ - «Տապալումների առյուծի բաժինը նաև ընդդիմության մեղավորությունն է։ Այն իմաստով, որ ինքը ամեն ինչ արել է, որպեսզի բարեփոխումները վիժեցվեն, և այդ օրակարգը չգա խորհրդարան։ Առնվազն դուք պիտի հիշեք, որ մենք մեկ ու կես տարի երևի թե ուղղակի ամենակարևոր հարցերը քննարկելու ժամանակ բոյկոտող ընդդիմություն ենք ունեցել։ Մենք տեսանք մի ընդդիմություն, որը ըստ էության շլագբաումի պես պառկել էր բարեփոխումների ճանապարհին և թույլ չէր տալիս, որպեսզի երկիրը շնչի, և այն խոստումները, որոնք տրվել են նաև հեղափոխության ժամանակ, դրանք հնարավոր լինի իրագործել»։

Հայաստանի անվտանգության այսօր գերիխնդիր է, և Բաբաջանայի համոզմամբ, դրան հնարավոր է հասնել միայն ժողովրդավարությամբ։ Մեր դիտարկմանը, որ այսօր ժողովրդավարության արժեքներին հակասող բառապաշար և գործիքներ են օգտագործվում՝ մուրճի, վենդետայի տեսքով, արևմտամետ դաշինքի ներկայացուցիչ Բաբաջանյանն ասաց, որ իր համար էլ հասկանալի չէ այս լեքսիկոնը, ենթադրում է, որ դա կմնա քարոզարշավի շրջանակում․ - «Ես հույս ունեմ, որ սրանք բացառապես նախընտրական հռետորաբանության և տեխնոլոգիաների շրջանակում են։ Բայց ինչ վերաբերում է աջակցությանը, իհարկե ես տեսնում եմ, թե ինչ ուժեր են, ինչ հանցագործ շրջանակներ են ներքաշվել այս գործընթացում, համապետական այս ընտրություններում մասնակցության հայտ ներկայացրել։ Սա ուղղակի ես նկատի ունեմ որպես պատերազմ Հայաստանի պետականության դեմ։ Դրված է ըստ էության Հայաստանի լինել-չլինելու հարցը»։

«Ռևանշիստներին էդ հաճույքը չի պատճառվելու, որ Հայաստանը ընկղմվի քաղաքական ճգնաժամի մեջ։ Դա չի լինելու», - հայտարարեց Բաբաջանյանի դաշնակից Լևոն Շիրինյանը։

Նա նույնպես վստահ է, որ իրենք հաղթահարելու են 7 տոկոսի շեմը և աջակցելով Փաշինյանին խստացնելու են պայքարը գողապետության և ռևանշիզմի դեմ։

Արդեն ելությում Շիրինյանը նաև անուններ նշեց, թե հատկապես ումից պետք է պաշտպանել երկիրը․ - «Ռոբերտ Քոչարյանի երազը, մուրազը, «Հայաստան» դաշինքի մուրազը՝ որ եթե նրանք էլ չունենան մեծամասնություն, Հայաստանում կոալիցիոն կառավարություն չեն կազմի, որպեսզի Հայաստանը տապալվի, էս մուրազը իրենց փորն է մնալու։ Մենք նման պայմաններում կոալիցիա կկազմենք և չենք թողնի, որ Հայաստանի քաղաքական նավը խորտակվի։ Բացառված է»։

Ամառվա տապից պաշտպանվող սակավաթիվ ունկնդիրները ծառերի ստվերում մինչև վերջ հետևեցին Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի ավելի քան մեկ ժամ ընթացող ելույթներին։ Եվրոպական արժեքներով երկիրը փրկելու, նախկին ուժերի վերադարձը կանխելու մասին ելույթները թեպետ ուղղված էին աբովյանցիներին, այդուհանդերձ քչերը կանգնեցին՝ լսելու։

«Շոգ է, սիրտ չկա», - տեսախցիկից խուսափեով ասում էին նրանք։

Շոգից պաշտպանվելու և քաղաքական ելույթներին հետևելու լավագույն տարբերակը գտել էին հարակից շատրվանում լողացող աբովյանցի երեխաները, որոնք պարբերաբար ջրից դուրս էին գալիս՝ հասլկանալու, թե անծանոթ այդ տղամարդիկ ինչ խորտակվող նավ են փորձում փրկել։

XS
SM
MD
LG