Ավշարում խոսքի իրավունք խնդրեց ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտ Միսակ Պետրոսյանը, ով հանեց համազգեստը և միացավ «Հայաստան» դաշինքին։
«Էրկու տարի առաջ հեծանիվով ման գալ քաղաքի մեջ, իսկ էսօր 400-500 հոգի զինված մարդ իրան ուղեկցի․․․ դա աբսուրդ ա։ Ուրեմն մարդը զգում ա էդ վտանգը, էդ վտանգը թույլ ա տվել», - ասաց նա՝ շարունակելով։ - «Ժողովուրդ ջան, ողջունում եմ բոլորիդ։ Ողջունում եմ ձեր բոլորի մտածելակերպը, որ այսօր կանգնում եք մեր երկրի նախագահի կողքին՝ ի դեմս պարոն Քոչարյանի, և ամսի 21-ին տոնենք մեր հաղթանակը»։
Ոստիկանության լրատվության բաժնից «Ազատությանը» փոխանցեցին, որ դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։
Ավշարի հավաքին մասնակցում էր նաև համայնքապետ Սուրիկ Գրիգորյանը, ով պատերազմից հետո այն համայնքապետերից էր, որ պահանջում էր վարչապետ Փաշինյանի հրաժարականը։
Տեղահանված արցախցիներ ևս կային, ովքեր դժգոհեցին, որ կառավարությունը այդպես էլ քայլ չձեռնարկեց Հայաստանում իրենց ընտրելու իրավունքը ապահովելու համար․ - «Ես ղարաբաղցի եմ, շուշվա եմ։ Հադրութեցուց, շուշվոցուց զրկալ են, որ ձայնը տան։ Դե որ զրկում են ձայնը տան, ես էրկու խոսք ասեմ ճարտարեցու ասած՝ Նիկոլ, քեզ ձայն տվողը առաջ թշնամին ա իրա ընտանիքին, հետո սաղ աշխարհի հայությանը»։
Քոչարյանը ուշագրավ հայտարարություն արեց Մասիս քաղաքում։ Խոսելով ներկա իշխանությունների կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ մատնանշեց բեռնափոխադրող «Սպայկա» խոշոր ընկերության կողմից 7 միլիարդ դրամի չափով հարկերից խուսափելու գործն ու պնդեց, որ ընկերության սեփականատերը այժմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում է․ - «Հետո, մենք հստակ գիտենք, ոչ մի գումար գրեթե չմուծվեց բյուջե, շատ փոքր գումար։ Եվ այսօր այդ անձը հայտնվել է իրենց ցուցակում։ Այն «Սպայկա» ընկերությունը, որը իրենց թերթերով վերագրում էին ինձ․․․ Հետևողականորեն կապում էին ինձ այդ ընկերության հետ, իբրև դա իմն է։ Հետո գնում հարձակվում են այդ ընկերության վրա, պարզվում է, որ դա իմը չի, տուգանքն են գրում 14 միլիոն դոլարի, հետո այդ տուգանքը ջրվում է, թե ում գրպաններով է ջրվում, ևս անհասկանալի է։ Հետո պարզվում է, որ այդ մարդը հայտնվում է իրենց քաղաքական թիմում, իրենց ցուցակում։ Սա դասական օրինակ է, և այդպիսի օրինակներ կարող եմ այսօր մի առնվազն10-15-ը բերել»։
Ընկերության սեփականատերը Դավիթ Ղազարյանն է, նման անուն-ազգանունով թեկնածու, սակայն, ՔՊ-ի ցուցակում չկա։ Զրուցեցինք «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի հետ, ով ևս հերքեց այս տեղկեությունը։ Ասաց՝ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում։
Նկատենք սակայն, որ պատերազմից հետո, երբ Փաշինյանը առանձին հանդիպումներ ունեցավ մի քանի գործարարների հետ, այդ ցանկում էր նաև Դավիթ Ղազարյանը։ Բաղդասարյանը հերքեց, թե այդ հանդիպմանը քաղաքական հարցեր են քննարկվել։
Արդեն ելույթներում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները անդրադարձան նաև Նիկոլ Փաշինյանի քարոզչության ընթացքում ակտիվորեն օգտագործվող մուրճին։ «Այդ մուրճը մենք օգտագործելու ենք շինարարության համար, երկիրը կառուցելու համար», - հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահը:
«Մենք ունենք իշխանություն, որը ընդունակ չի երկու քայլ հեռու նայել, մենք ունենք իշխանություն, որը փչացրեց հարաբերությունները մեր բոլոր բարեկամ երկրների հետ, և մենք ունենք իշխանություն, որը թշնամի ստեղծեց Հայաստանի ներսում», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա խոսեց նաև իր նախագահությանը հաջորդած ժամանակահատվածի մասին, երբ իշխանության էր Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ այդ ընթացքում իրենց հարաբերությունները ըստ էության սառեցված են եղել․ - «Ես որևէ առնչություն այն ժամանակ իշխանության հետ իրականում չեմ ունեցել, և իմ դժգոհությունը պարբերաբար հայտնել եմ այս կամ այն հարցերի շուրջ տարբեր հարցազրույցներում։ Դրանից էն կողմ չէի գնում։ Ինձ համարում էի քաղաքացի, համարում էի նախկին նախագահ, մտադրություն չունեի հետ գալու քաղաքականություն, բայց իմ պարտքն էի համարում դժգոհությունս արտահայտել հարցազրույցների ձևով։ Հիմնական նպատակը հետևյալն էր․ որ մարդիկ չմտածեն, որ այս կամ այն տերության հետ ես առնչություն ունեմ։ Շուրջ ինը տարի՝ 2009 թվից մինչև 18 թիվը որևէ երկրի զարգացման հարցերի հետ ես քննարկումներ այն ժամանակ գործող իշխանության հետ չեմ ունեցել։ Ես դրա մասին նաև իմ գրքում եմ գրել»։
Այսօր հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը։ Հաղորդագրության մեջ կարդում ենք, որ հանդիպմանը քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր։
Ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում Քոչարյանն ասել է, թե հաղթելու դեպքում նախկին վարչապետին կառաջարկի Հայաստան վերադառնալ։ Թե ինչ կարգավիճակում, Քոչարյանից ճշտել մեզ այսօր չհաջողվեց, թիմից փոխանցեցին, որ հարցերի հնարավորությունը միայն իրենց աջակիցների, և ոչ թե լրագրողների համար է։