Բրյուսելում հանդիպեցին ԱՄՆ և Թուրքիայի նախագահները. Բայդենը «դրական և արդյունավետ» է որակում բանակցությունները

ԱՄՆ և Թուրքիայի նախագահները հանդիպում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, Բրյուսել, 14-ը հունիսի, 2021թ.

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարել է, որ «դրական և արդյունավետ» բանակցություններ է անցկացրել իր թուրք պաշտոնակցի հետ, որոնց ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են հետագա գործողությունները մի շարք հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

«Վստահ եմ, որ մենք իրական առաջընթացի կհասնենք հարաբերություններում», - ասել է Բայդենը:

Ռեջեփ Էրդողանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահի հետ իր բանակցությունները որակել է որպես «արդյունավետ և անկեղծ»:

«Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերություններում խնդիրներ չկան, և համագործակցության ոլորտները մեզ համար ավելի հարուստ և լայն են, քան խնդիրները», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Հանդիպումից առաջ Էրդողանն ասել էր, թե բարձրացնելու է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին, սակայն, ոչինչ չի հաղորդվում:

Տե՛ս նաև այստեղ