Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մտադրվել է ընտրություններին հաջորդող օրերը հրապարակներում անցկացնել։ Չսպասելով ընտրության ելքին՝ արդեն 4 օրով՝ հունիսի 21-ից 24-ը առավոտվա 10-ից մինչև կեսգիշեր նրա թիմը զբաղեցրել է Հանրապետության և Ազատության հրապարակները։
Նախընտրական հանդիպումների ավարտին Փաշինյանը իր կողմնակցիներին հրավիրում է Հանրապետության հրապարակ։ Ի՞նչ է մտադրվել անել։ Վարչապետի պաշտոնակատարը հետընտրական ընդվզումների, թե՞ հաղթական տոնախմբության է պատրաստվում, նրա թիմակից պատգամավոր Վահագն Հովակիմյանը նպատակը չի գաղտնազերծում. «Երբ որ միջոցառումը որոշվի, նպատակը, ամբողջ կոնտեքստը կհայտարարվի»:
Իսկ ինչո՞ւ չորս օրով, չէ՞ որ այդպիսով մյուս քաղաքական ուժերին զրկել են հայտնի հրապարակներում հավաքի հնարավորությունից։ Վահագն Հովակիմյանի հիմնավորմամբ՝ նախընտրական ու հետընտրական փուլում հրապարակների պահանջարկը մեծ է, չորս օրով ու երկուսն են վերցրել, որ այդ օրերին փաստի առաջ չկանգնեն։
«Երկու հրապարակ չորս օր իրազեկում ներկայացնելը ավելի շատ կապված է այս ներկայիս իրավիճակից, երբ որ փաստը ունեցանք, երբ որ միևնույն տեղի համար արդեն իրազեկումների վեճ էր, դրա համար ներկայացվեց միանգամից չորս օրվա համար երկու հրապարակի համար», - ներկայացրեց Հովակիմյանը:
Հայաստանի նախկին ու ներկա ղեկավարները կատաղի պայքարում են նաև Հանրապետության հրապարակի համար։ Փաշինյանն էլ, Քոչարյանն էլ որոշել են քարոզարշավը վերջին օրը՝ հունիսի 18-ը հանրահավաքով ամփոփել։ Կողմերը մայիսի 24-ին են իրազեկում ներկայացրել քաղաքապետարան։ Երկուսի իրազեկումն էլ ի գիտություն է ընդունվել։ «Հայաստան» դաշինքի հավաքի ժամկետի ավարտը սահմանվել է 20։00-ն, նույն ժամից էլ «Քաղաքացիական պայմանագրի» հավաքն է նախատեսված։
Քոչարյանի գլխավորած դաշինքը դատարանի միջոցով վերականգնել է ժամը 21։00-ին ավարտելու իրավունքը։ «Տրամաբանությունը Երևանի քաղաքապետարանի շատ անհասկանալի էր, չափազանց: Մի հետաքրքիր նրբություն էլ ասեմ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ուղղակիորեն գրել է Երևանի քաղաքապետարանին, որ երկու ուժերը չպետք է լինեն նույն վայրում: Ոչ թե հրապարակավ, դա պաշտոնական գրություն էր ՀՀ ոստիկանության կողմից Երևանի քաղաքապետին, որը փաստորեն Երևանի քաղաքապետարանը ինձ համար անհասկանալի պատճառներով անտեսել էր», - ներկայացրեց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արան Վարդևանյանը:
Փաշինյանի գլխավորած ուժը չի նահանջում, իրենք էլ են վիճարկում 20։00-ից հավաքը սկսելու իրավունքը։ Մտավախություն չունե՞ն, որ հակառակորդ թիմերի կողմնակիցները հանդիպումը կարող է բախումների վերածվել: «Մենք ամեն ինչ անելու ենք, թույլ չենք տալու բախումներ», - ասաց Վահագն Հովակիմյանը:
«Ի՞նչ է նշանակում կրկին փորձել ամեն կերպ ներխուժել Հանրապետության հրապարակ, դրանով ի՞նչ են անում, ի՞նչ ազդակ են տալիս: Մենք ունենք խնդիր հանրային համերաշխություն ապահովելու», - նշեց Վարդևանյանը:
Իսկ ինչո՞ւ են մրցակիցները նույն տեղի համար նույն օրը պայքարում։ Քոչարյանի թիմակիցը պնդում է, թե դիմել է նախապես, երբ քաղաքապետարանի կայքում տեսել է, որ իրենց մրցակիցը հունիսի 17-ի համար է դիմել, հետո են մտափոխվել. «Ու նաև ես տեղեկություն ունեմ, որ փաստորեն ներկայիս ժամանակավոր, հեռացող իշխանությունը որոշել է հունիսի 17-ի հանրային հավաքից հրաժարվել, որ անի ամեն դեպքում հունիսի 18-ին»:
Փաշինյանն ու Քոչարյանն այս օրերին պայքարում են ուժի ցուցադրության համար, ինչը կարող է բախումների հանգեցնել, մտավախություն ունի իրավապաշտպան Նինա Կարապետյանցը. «Գաղափարի, մտքի, մարդկանց բացատրելու, մարդկանց գնահատելու, բախումների չտանելու գաղափարն առհասարակ երկուսի մոտ էլ բացակայում է, երկուսի մոտ էլ չէ, այնտեղ էլի կան ուժեր, որոնք բացառում են համերաշխություն հասկացությունը»:
Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն անցել է նախկին ռեժիմի մեթոդներին, ինչն անթույլատրելի է, ասում է իրավապաշտպանը, մուրճը եռագույնով զարդարել ու քարոզչական հարթակներից սպառնում է քաղաքական հակառակորդներին։ Կարապետյանցը հիշեցնում է հանրապետական պատգամավոր Մանվել Գրիգորյանի խորհուրդը Սերժ Սարգսյանին. «Հայտնի հայտարարությունը, որ մուրճն էլ ա ձեր ձեռքը, մեխն էլ ա ձեր ձեռքը, տեսեք ինչ եք անում, ոչ մեկի ձեռքը այլևս մեխ ու մուրճ չի լինելու, սրանից հետո ժողովուրդն է իր ազատությունը գնահատելու: Երբ որ ես անում էի, որ ցանկացած իշխանություն, անգամ ժողովրդավարական, եթե չունենա ժողովրդի վերահսկողությունը, ինքը ինչ-որ պահի փորձելու է դառնալ դիկտատոր, որովհետև դիկտատորական համակարգը կառավարման ամենահեշտ համակարգերից մեկն է: Այնպես որ, այո, այս իշխանությունը, ցավոք սրտի, ընդօրինակեց վատագույնը, ամենավատ դրսևորումները»:
Իրավապաշտպանը հիշեցնում է՝ Փաշինյանը պողպատյա մանդատի կամ մուրճի կարիք չուներ, երեք տարի առաջ ժողովրդի ճնշող մեծամասնության ձայնով լեգիտիմ ընտրությամբ իշխանության եկավ և ամենամեծ հնարավորություններն ուներ իր թմբկահարած խնդիրները լուծելու համար: Այսօր էլ մեղքը չընդունելով, սխալները չգիտակցելով, անընդունելի հռետորաբանությամբ փորձում է վերարտադրվել, այդ ճանապարհով չի ստացվելու, ասում է Կարապետյանցը:
«Տապալելով այսպիսի հնարավորությունն այլևս անիմաստ է խոսել որևէ այլ կարգավիճակներում, մուրճն էլ չի օգնելու, ստերն էլ չեն օգնելու, հայհոյանքն էլ չի օգնելու, ժողովուրդը, կարծում եմ, ճշգրիտ ընտրություն կանի», - նշեց Նինա Կարապետյանցը: