Դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը և ընտրակաշառք տալու գործով երկու ամսով կալանավորել պատգամավորության թեկնածուին, այս մասին հայտնում են ՀՔԾ-ից:
«Ազատության» տվյալներով, նա մեծահարուստ ընդդիմադիր գործիչ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի 83-րդ համարը ներկայացնող Գավառի բնակիչ Արամայիս Ապրոյանն է։
Ըստ մեղադրանքի` կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները համակարգող թեկնածուն այդ գրասենյակի քարտուղարի հետ միասին ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել իր կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: Կաշառքն իրենից ներկայացրել է 7.000 դրամ արժողությամբ սննդամթերքի փաթեթներ։