Հայաստանը տասը տարի ղեկավարած Ռոբերտ Քոչարյանի համար այս ընտրությունները լինել-չլինելու հարց է։ Պնդում է՝ այս անգամ էլ հաղթանակն իր համար պատվի հարց է։
«Ինձ համար, այսպես ասած, երկու անգամ նման իրավիճակներից պատվով դուրս գալը նշանակում է ռիսկի տակ դնել իմ համբավը: Հիմա երրորդ անգամ մտնում ենք սրա տակ, ուրեմն պետք է ևս պատվով դուրս գանք: Սա լինել-չլինելու հարց է լինելու, օրինակ, իմ համար», - հայտարարեց Քոչարյանը:
Ի՞նչ երաշխիք, որ եթե Ռոբերտ Քոչարյանը վերադառնա իշխանության, չեն լինի նախկին արատավոր բարքերը, այսօր Կոտայքի մարզում «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուին դիմեց Եղվարդի բնակիչներից մեկը. «Շատ են վախեցնում հիմա ժողովրդին նախկիններով, ասելով, որ հիմա նախկինները կգան, էլի կսկսվի հինը, ինչ ուզենան կանեն, հիմա դրանով վախեցնում են: Դուք երաշխավորո՞ւմ եք, որ կլինի արդարություն, չեն լինի արտոնյալներ»:
«Մարդկանց հուզող հարց է, եթե այդ ամենը չլիներ, ենթադրաբար, 18 թվականի ապրիլյան իրադարձությունները ևս չէին լինի, դուք երբևիցե լսել եք որևէ իմ ընտանիքի անդամի, իմ բարեկամի կամ հարազատի կողմից որևէ լկտիություն որևէ տեղ», - արձագանքեց երկրորդ նախագահը:
Ռոբերտ Քոչարյանը ճշտեց՝ նախկին ասելով ո՞ր ժամանակահատվածը նկատի ունեն, դահլիճից արձագանքեցին՝ վերջին տարիները: Քոչարյանն էլ հիշեցրեց, որ նախագահի պաշտոնը թողնել է 2008 թվականին և դրանից հետո, շուրջ տասը տարի որևէ առնչություն չի ունեցել իրեն հաջորդած Սերժ Սարգսյանի իշխանության հետ։
«2009 թվականից մինչև 2018 թվականը նույնիսկ ես շփումներ չեմ ունեցել, որովհետև շատ բաներ կար, ինչի հետ ես համաձայն չէի ու դրա համար ուղղակի շփումներ նույնիսկ չեմ ունեցել: Հիմա ասում եմ՝ բացառվում է՝ նման կարգի դրսևորումներ մենք թույլ տանք, ուղղակի բացառվում է, մարդկանց էդ նախկիններով բոբո են սարքում և ամբողջ նախկին ժամանակահատվածը փորձում են կապել տվյալ դեպքում իմ հետ», - ասաց նա:
Նախկինների վերադարձի վտանգների մասին զրույցներում հիշատակվում են նաև Ռոբերտ Քոչարյանի իշխանության աղմկոտ դեպքերը։ Քոչարյանի քաղաքական հակառակորդներն են հիշեցնում Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի ոճրագործությունները, քաղաքական հնչեղ սպանությունները, խոսքի ազատության նկատմամբ Ռոբերտ Քոչարյանի անհանդուրժողականությունը։ Կա՞ն երաշխիքներ, որ իշխանության վերադառնալու դեպքում այսպիսի հնչեղ դեպքեր չեն լինի, հարցրինք Ռոբերտ Քոչարյանին, սակայն նա հրաժարվեց պատասխանել հարցին։
«Հայաստան» դաշինքի հաջորդ կանգառը Նոր Հաճն համայնքում էր՝ ոչ դահլիճային պայմաններում։ Այստեղ դաշինքին էր միացել նաև ուսուցչուհի Լյուդմիլա Հարությունյանը։ Նրա ելույթի առանցքում վարչապետի թեկնածու Քոչարյանն էր. «Ես խոսելու եմ ու ներկայացնելու եմ մի մարդու, ով ինձ համար հերոս է, մարտիկ, ով գիտի՝ ինչ է հայրենիքը, հողը, ով եղել է և այժմ էլ իր հայրենիքի զինվորն է, մարտնչել է մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար և իր նման նվիրյալների հետ, ցավոք, շատերի կյանքի գնով ոչ թե ասել է հաղթելու ենք, այլ տարել է պատմական հաղթանակ»:
«Խնդիրը չափազանցված չէ, սա ընտրություն է պետություն ունենալու և չունենալու միջև: Այս մարդիկ այսօր ընկել են գյուղերում, ասում են, որ ապագա կա ու փորձում են մեր հասարակությանը համոզեն, որ ապագա կա: Մարդկանց բերել-հասցրել են էն վիճակի, որ հասկանում են՝ այլևս հույս չկա, մարդիկ արտագաղթում են երկրից, հիմա համոզում են, որ ապագա կա: Այո, ապագա կա, բայց այդ ապագան առանց Նիկոլի և նիկոլիզմի է», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Քարոզարշավը շարունակվեց Աբովյան քաղաքում: Այստեղ էլ Քոչարյանը խոստացավ ընտրվելու դեպքում արժանապատիվ խաղաղություն բերել ու պետության սահմաններն ամրապնդել. «Սրանք ստեղծող տեսակ չեն, սրանք ավիրող և քայքայող տեսակ են»: