Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօրվա նիստում անվավեր է ճանաչել Հայաստանի դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու, հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի գրանցումը, ով այս ընտրություններին մասնակցելու համար ակնհայտորեն լուրջ գումարներ էր ծախսել և ում լուսանկարով պաստառները ընտրությունները դեռ պաշտոնապես չնշանակված, հայտնվել էին Հայաստանի գրեթե բոլոր անկյուններում։
Օրենքը պահանջում է, որ թեկնածուները վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի լինեն և մշտապես բնակվեն երկրում․ եթե երկրից բացակայելու օրերի թիվն անցնում է 731 օրը կամ 2 տարին, ապա թեկնածուն գրանցվել չի կարող։ Բացակայությունը հարգելի է համարվում, եթե այն ծառայողական կամ օտար երկրում ուսումնառության նպատակով է։
54-ամյա գործարարը հանձնաժողով է ներկայացրել մի փաստաթուղթ, համաձայն որի Հայաստանից բացակայելու ընթացքում գտնվել է Մոսկվայում՝ ուսումնառության նպատակով։ Հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերում կեղծիք է հայտնաբերել և կասեցրել է գրանցումը։
Օրեր առաջ հանձնաժողովը անվավեր էր ճանաչել նաև «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ԴԱՀԿ նախկին պետ, Պանամայի օֆշորային սկանդալով հայտնի Միհրան Պողոսյանի գրանցումը։ 45-ամյա նախկին պաշտոնյան ևս վերջին 4 տարում Հայաստանում մշտապես չբնակվելու պատճառը արդարացրել էր ուսումնառությամբ, մինչդեռ, դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը նկատում է, այդ ժամանակահատվածում Պողոսյանը հետախուզման մեջ էր։
Հանձնաժողովին կեղծ փաստաթուղթ է ներկայացրել նաև Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակի 4-րդ համարը՝ պատգամավորի թեկնածու Հայկ Մաղաքելյանը։ Նա էլ կեղծել էր վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի լինելու մասին Անձնագրային և վիզաների վարչության տեղեկանքը։
Այս ընտրությունները աչքի են ընկնում հանձնաժողովին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու առումով, նաև այլ ընտրական հանցագործություններով, ասում է Իոաննիսյանը՝ կանխատեսելով, որ այս միտումը կշարունակվի նաև ընտրությունների օրը։
Ըստ նրա, այս ընտրություննները տարբերվում են թե՛ քարոզարշավի բնույթով ու որակով ու թե՛ խոսքի ձևով․ - «Ատելության խոսքի, բռնություն ենթադրող խոսքի․․․ մեկը ասում է, ներեցեք՝ «շինելու ենք», մյուս ասում է՝ մորթելու եմ, երրորդը ասում է՝ գնդակահարելու ենք։ Սա ևս բավականին տարբերվում է նախորդ բոլոր-բոլոր ընտրություններից»։
Այս ընթացքում «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են ամենաանմեղ թվացող խախտումներիրց մինչև Քրեական օրենսգրքով պատժելի արարքների։ Առաքելությունն արձանագրել է վարչական ռեսուրսի չարաշահումից մինչև ընտրակաշառքի բաժանման դեպքեր․ - «Խոսքը, մասնավորապես, համայնքային կազմակերպություններում պարտադրանք է, որպեսզի դրանց աշխատողները մասնակցեն «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքին։ Ընտրակաշառքի դեպքերը հիմնականում վերաբերում են «Հայաստան» դաշինքին և «Պատիվ ունեմ» դաշինքին»։
Իրավապահներին ներկայացրած ապացույցների հիման վրա արդեն կա հարուցված քրեական գործ։ Մասնավորապես, Գավառում ընտրողներին կաշառք է տրվել՝ պարենի տեսքով։ Քաղաքական այդ ուժի Գավառի տարածքային գրասենյակի ղեկավարը նույն գրասենյակի քարտուղարի բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին, հայտնում են դատախազությունից: Որպես կաշառք 8 ընտրողների տրվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 դրամ արժողության:
Այս գործի առիթով 2 անձ, նրանցից մեկը պատգամավորության թեկնածու, ձերբակալվել են, ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․ - «Եռօրյա ժամկետ կա։ Որոշում կկայացվի նրանց մեղադրանք առաջադրելու կամ չառաջադրելու վերաբերյալ։ Համապատասխան գործողություններ են կատարվում հարցավոր հարաբերություններում ներգրավված այլ հնարավոր քաղաքացիների հայտնաբերելու ուղղությամբ։ Ամեն օր մենք ստանում ենք ահազանգեր տարբեր իրավախախտումների վերաբերյալ։ Վերջին տվյալներով, դրանց թիվը 54 էր կազմում։ Խոսքը վերաբերում է ամսի 8-ի տվյալներով»։
Այս դեպքի հետ կապված շրջանառվում է Տիգրան Արզաքանցյանի անունը։ Կաշառք բաժանելու մասին լուրերը ինքը՝ Տիգրան Արզաքանցյանը հերքեց․ - «Իրավունք չունեն ոչ մեկը կապեն, որ ուտելիք ես բաժանում․․․ մեր քյավառցիք սոված չեն, որ ուտելիք բաժանենք։ Քյավառցիք աղուհացով ժողովուրդ են, քյավառցիքին ուտելիք պետք չի բաժանել։ Աստծուն փառք, իրանք իրանց աղուհացը կարում են ստեղծեն։ Իմ անունը չի կարա շրջանառվի։ Էտի Ծառուկյանից հետո ա էղե էդ ամեն ինչը։ Ես կյանքում ըտենց բաներով չեմ զբաղվել։ Օրինական հիմնադրամ ունենք, դաժե էն խիստ հարցերն եմ ես հետաձգել հիմնադրամով օգնությունների, որ չկապեն քարոզարշավի հետ»։
Ինչ վերաբերում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ապա առաքելությունը Քրեական օրենսգրքով արգելված արարքներ դեռ չի բացահայտել, փոխարենը վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր են թույլ տրվել։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, ըստ դիտորդների, իր PR-ի համար ծառայության բերումով իրեն հասու դարձած տեղեկություն է հրապարակել․ ասել է, որ երկրորդ նախագահի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի հաշվին 200 մլն դոլարի շրջանառություն է եղել։