Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է համաձայնեցնել, սակայն հիմա անհրաժեշտ է շեշտը դնել ոչ թե դրա, այլ խաղաղ կյանքը տարածաշրջան վերադարձնելու վրա: Այդ մասին Լավրովն ասել է «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում:
«Ես հասկանում եմ, որ շատերը հիմա ասում են, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն անորոշ է մնացել, դա պետք է վերջնականապես համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, ովքեր հիմա պետք է, երևի, ոչ թե կարգավիճակն արծարծեն, այլ նպաստեն վստահության ամրապնդմանը, մարդասիրական խնդիրների լուծմանը, որ հայերն ու ադրբեջանցիները նորից սկսեն ապրել միասին՝ անվտանգության և տնտեսական բարգավաճման պայմաններում: Եվ այդ ժամանակ, հավատացնում եմ, երկու-երեք տարի անց, եթե մենք հաստատենք այդպիսի կյանք, կարգավիճակի խնդիրները շատ ավելի հեշտ կլինեն լուծել»,- ասել է Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ հակամարտության մասնակից երկրների մայրաքաղաքներում հնչող հայտարարությունները շատ հաճախ պայմանավորված են հույզերով:
«Մենք կոչ ենք անում բոլորին, ովքեր ներգրավված են այդ իրավիճակի մեջ, նպաստել այդ հողի վրա ապրողների անդորրի և բնականոն կյանքի վերականգնմանը», - ասել է Լավրովը, նշելով, որ Ռուսաստանը խաղաղապահների և արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողների ջանքերով հենց այդ խնդիրն է լուծում:
Նախարարը նաև խոսել է տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի մասին:
«Եռակողմ խմբի աշխատանքի արդյունավետությունը կչափվի այն հանգամանքով, թե որքանով է ապաշրջափակման արդյունքում բարելավվելու մարդկանց կյանքը: Այդ քննարկումներում միանշանակ հաշվի են առնվնում Թուրքիայի և Իրանի շահերն, այլապես ապաշրջափակումն առավելագույն արդյունք չի տա», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Նա նշել է նաև, որ կայունացնող և օգտակար դեր է կատարում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: