Հայ ռազմագերիները պետք է շուտափույթ ազատ արձակվեն, շեշտել է Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատարը

Նիդերլանդները շեշտել է Ադրբեջանում մնացած հայ ռազմագերիների շուտափույթ ազատման կարևորությունը, ինչպես նաև՝ ամենաարագ կերպով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակույթային ժառանգության գնահատման առաքելության գործուղումը տարածաշրջան՝ համաձայն Սեխերսի և ֆան դեր Ստաայի բանաձևերի, հայտարարել է Նիդերլանդների արտգործնախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը՝ Նիդերլանդների խորհրդրանին ուղղված նամակում անդրադառնալով ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներին։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, ըստ Սիխրիդ Կաախի, Նիդերլանդներն ընդգծել է նաև երկու երկրների միջև սահմանից զորքերի անհապաղ հեռացման և բանակցությունների սեղան վերադարձի կարևորությունը։

«Մայիսի 28-ին նաև Նիդերլանդների նախաձեռնությամբ ԵՄ-ն հանդես եկավ նոր համատեղ հայտարարությամբ, որում խորը մտահոգություն է արտահայտում սահմանային զարգացումների վերաբերյալ, և ընդգծում լարվածության թուլացման կարևորությունը։ Կոչ է արվում զորքերի անմիջապես հեռացում սահմանից և նշվում սահմանազատման հարցը բացառապես բանակությունների միջոցով հստակեցնելու անհրաժեշտությունը։ Հայտարարությունն ընդգրկում է նաև հայ ռազմագերիների անհապաղ ազատման կոչն Ադրբեջանին» , - շեշտել է Սիխրիդ Կաախը։

Նշենք, որ մայիսի 12-ից իրավիճակը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարված է, հայկական կողմը հաղորդում է ադրբեջանական զինուժի՝ մի քանի ուղղություններով Հայաստանի տարածք ներխուժելու մասին։ Անցած շաբաթներին տեղի ունեցած բախումներում 6 հայ զինծառայող է գերեվարվել։

Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 72-ը։

Ադրբեջանը հաստատել է 72 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 56-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»: