Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Հունաստան

Թուրքիայի արտգործնախարարը երկօրյա այցով ժամանել է Հունաստան՝ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակցի հետ խորացող տարաձայնությունները հարթելու համար։

Չավուշօղլուի այցից առաջ Հունաստանի վարչապետը հայտարարել էր՝ Աթենքը պատրաստ է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե Անկարան զերծ մնա «սադրանքներից, ապօրինի քայլերից ու ագրեսիվ հռետորաբանությունից»։

Երկկողմ հարաբերություններում մի շարք չլուծված հարցեր ու տարաձայնություններ կան, որոնք էլ ավելի սրվեցին անցած տարի, երբ թուրքական նավերը սկսեցին որոնողա-հետախուզական աշխատանքներ իրականացնել Միջերկրական ծովի արևելքում՝ էներգակիրներով հարուստ հատվածներում։ Հունական կողմը դա սեփական տարածքի ոտնահարում է որակում:

Լարվածությունը հարթելու համար անցած ապրիլին Հունաստանի արտգործնախարարն էր մեկնել Անկարա, սակայն Չավուշօղլուի հետ նրա ասուլիսը վերածվել էր սկանդալի․ երկու արտգործնախարարները սկսել էին հրապարակավ մեղադրել ու սպառնալիքներ հնչեցնել միմյանց հասցեին։

Այսօր Թուրքիայի արտգործնախարարը Հունաստանում կհանդիպի մահմեդական փոքրամասնության հետ, վաղը՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի։