Մինսկից Բարսելոնա մեկնող օդանավը երեկ չի կարողացել հատել Եվրոպայի սահմանը։ 54 ուղևոր փոխադրող օդանավը պտտվել է Լեհաստանի մոտ ու վերադարձել Մինսկի օդանավակայան: Ֆրանսիան բելառուսական օդանավին չի թույլատրել թռչել իր օդային տարածքով, այդ պատճառով թույլտվություն չի տվել նաև Լեհաստանը։
Լեհաստանի տարածքը մինչև երեկ երեկո բաց էր «Բելավիա»-ի համար, կեսօրից հետո Վարշավայում վայրէջք է կատարել Մինսկ-Վարշավա չվեթն իրականացնող օդանավը, բայց երեկոյան Լեհաստանի կառավարությունը հաստատել է իր օդային տարածքով բելառուսական ավիաընկերության թռիչքների արգելքը։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության մամուլի խոսնակը։
«Բելավիա» ընկերությունը հայտնել է, որ իր թռիչքներն արգելել են Լիտվան, Լատվիան, Ֆրանսիան, Շվեդիան, Բրիտանիան, Ֆինլանդիան, Չեխիան և Ուկրաինան։
Ռուսաստանը սկսել է խառնվել «ավիացիոն պատերազմին»՝ պաշտպանելով իր դաշնակից Լուկաշենկոյին։
Air France ավիաընկերությունը երեկ չեղարկել է Փարիզ-Մոսկվա ավիաչվերթը, քանի որ Մոսկվան չի հաստատել Բելառուսի տարածքը շրջանցող նոր երթուղին: Ֆրանսիական ավիաընկերությունը հայտարարել է, որ չեղարկված թռիչքը կիրականացնի մայիսի 27-ին, եթե Մոսկվան հաստատի Ռուսաստանի օդային տարածք մտնելու նոր երթուղին։
Ռուսաստանը նաև կասկածվում է Ryanair օդանավը մայիսի 23-ին Մինսկում հարկադրաբար իջեցնելու գործողությանը մասնակցություն ունենալու մեջ։
Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցում ասել է, թե շահարկումներ են սկսվել, որ Մոսկվայի ձեռքը խառն է այս գործին, բայց այդպիսի բան գոյություն չունի։
Ավելի վաղ նա հերքել էր լուրերը, թե Մինսկում վայրէջք կատարած օդանավից Ռուսաստանի չորս քաղաքացիներ են դուրս եկել։ Նա ասել է, որ օդանավի ուղևորներից Ռուսաստանի քաղաքացի է Սոֆյա Սապեգան, մյուս բոլորը բելառուսցիներ էին և հույներ։
Սոֆյա Սապեգան Ռոման Պրոտասևիչի ընկերուհին է, նրանք երկուսն էլ Մինսկում ձերբակալվել են օդանավի վայրէջքից անմիջապես հետո։ 26-ամյա Ռոման Պրոտասևիչը երկու տարի առաջ դուրս էր եկել Բելառուսից։ Նա Nexta Տելեգրամ ալիքի նախկին գլխավոր խմբագիրն է, որն ակտիվորեն լուսաբանում է Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող ցույցերը: Նրա դեմ Բելառուսում քրեական գործ էր հարուցվել ու հետախուզում հայտարարվել։