Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով նախընտրական ցուցակներ ներկայացնելու վերջին օրն է: Հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերը այսօր մինչև 18:00-ն պետք է հասցնեն հանձնաժողովին ներկայացնել իրենց համամասնական ցուցակները:
Առաջինը ցուցակը ներկայացրեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը հաստատեց տեղեկությունները, որ կուսակցության առանցքային դեմքեր, ինչպես օրինակ` փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը ցուցակներում չկան: Ալեքսանյանն ասաց, որ ցուցակում լինելն ինքնանպատակ չի:
Կուսակցության խոսնակն անդրադարձավ նաև այն փաստին, որ ՔՊ-ի ցուցակում են հայտնվել գործարարներ Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը. «Մենք բոլոր այն գործիչներին, ում ընդգրկել ենք մեր նախընտրական ցուցակում, վստահություն ունենք, որ այդ գործիչները պետք է որոշակի ներգրավում ունեն պետական կառավարման գործում և պետք է իրենց չափով որոշակի պատասխանատվություն ստանձնեն Հայաստանի համար այս ծանր շրջանում: Ես չեմ պատկերացնում այնպիսի մի քաղաքական ուժ Հայաստանում, որի ընտրական ցուցակում երբևէ չլինեն գործարարներ:
Ես կարծում եմ, որ շատ հաճախ համաշխարհային պատմության մեջ նաև գործարարները գնում են քաղաքականություն: Անհնարին եմ համարում, որ մեր ցուցակով ընտրված ցանկացած գործարար շարունակի զբաղվել բիզնեսով պատգամավոր դառնալուց հետո»:
Իրենց ընտրական ցուցակները ներկայացրել են նաև Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը, փաստաբան Նորայր Նորիկյանի ղեկավարած «Արդար Հայաստան» կուսակցությունը և «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը:
Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքն այսօր ավելի վաղ իր ընտրացուցակի առաջին 20 թեկնածուների անունները հրապարակել է: Ցուցակը գլխավոր է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ համարը ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանն է, երրորդ հորիզոնականում ԱԺ պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանն է, չորրորդը` «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:
Առավել մանրամասն քիչ անց