Մատչելիության հղումներ

«Իմ քայլի» նախընտրական ցուցակում տեղ են գտել խոշոր գործարարներ Սուքիասյանն ու Արսենյանը


Բիզնեսի և քաղաքականության տարանջատման մասին բարձրաձայնող իշխող ուժը իր նախընտրական ցուցակում ներառել է գործարարներ Խաչատուր Սուքիասյանին և Գուրգեն Արսենյանին։

Այս տեղեկությունը հաստատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ դրանում սակայն հակասություն չտեսնելով։

Նրա խոսքով, դժվար է տարանջատել նրանք գործարարներ են, թե ոչ․ - «Խաչատուր Սուքիասյանը շատ ավելի երկար տարիներ զբաղվել է քաղաքականությամբ, նա անգամ հետապնդվել է իր քաղաքական հայացքների համար 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական պրոցեսների ժամանակ։ Իմ կարծիքով, դժվար է էս պահի դրությամբ ասել Խաչատուր Սուքիասյանը քաղաքական գործիչ է, թե գործարար»։

«Ազատության» հարցին, թե արդյոք նույնը կարելի է ասել Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի մասին, պատգամավորը պատասխանեց․ - «Գագիկ Ծառուկյանը մի քանի անգամ հայտարարել է, որ նա ունի բիզնեսներ, որը հանձնել է կառավարման, և էս պահի դրությամբ ես չեմ կարող ասել Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, թե գործարար»։

Ջրերի գործարաններ, առևտրի կենտրոններ և այլ բիզնեսներ ունեցող Խաչատուր Սուքիասյանին գործարար չհամարելու հայտարարությունները ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հիշեցնում են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե «թղթերով ամեն ինչ կարգին է»։

«Հեղափոխության խոստումներից մեկն էլ հենց այն էր, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն, որ շահեր չմտնեն խորհրդարան։ Եվ էս իմաստով կարող եմ ասել, որ եթե գործարարներ բերվեն խորհրդարան նորից, դա հեղափոխության ևս մեկ խոստման դրժում կլինի և ետընթաց էն էղած մի քանի ձեռքբերումների փշրանքներից։ Որովհետև ինչ ձեռքբերումներ եղել են հեղափոխությունից հետո, դրանցից արդեն փշրանքներ են մնացել», - հավելեց Մարուքյանը։

Դեռ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին վարչապետի պաշտոնկատար Փաշինյանը խոսում էր բիզնեսի և քաղաքականության տարանջատման մասին ու ասում, թե գործարարը այլևս կարիք չունի գնալ խորհրդարան իր բիզնեսը պաշտպանելու համար, քանի որ կա իշխանություն, որ ամբողջությամբ պաշտպանելու է գործարարի շահը։

Նույնիսկ անկեղծացել էր ու պատմել, թե նախկին իշխանությունների օրոք գործարարները ինչու էին ստիպված մասնակցել ընտրություններին․ - «Նրանցից մի մասը շատ անկեղծ ասում էր՝ ձեզ թվում ա, մենք ուզո՞ւմ ենք առաջադրվել, մեզ ստիպել են առաջադրվել, առաջադրվել ենք, ասել են՝ կգնաք էսինչ տեղամասում կառաջադրվեք, էսքան փող կծախսեք, էսքան էլ ձայն կապահովեք։ Հըլը չապահովեք, տեսեք ինչ ա ըլնում ձեր վերջը։ Եվ հետևաբար այ էս իրավիճակում գտնվող գործարարների համար հեղափոխությունը իրոք ազատարար նշանակություն ա ունեցել։ Ժողովուրդ, մենք էսօր Հայաստանի Հանրապետության ոչ մի բիզնեսմենի, ոչ մի գործարանատիրոջ չենք ասել՝ մեզ ձայներ կապահովեք կամ մեզ կօգնեք ընտրություններում։ Որովհետև եթե մենք էդպես վարվեինք, կնշանակեր մենք հին քաղաքական համակարգն ենք ուզում վերակենդանացնել, ինչի մեջ մեզ, իմիջիայլոց, ոմանք փորձում են մեղադրել»։

Հին համակարգի վերակենդանացման օրինակ չէ՞ արդյոք հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական ուժի այսպիսի ցուցակը։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ցուցակի հետ կապված այս և այլ հարցերի չպատասխանեց, ասաց, թե վերջին շտկումներն են անում, վերջնական հաստատումից հետո նոր կներկայացնեն։

Իշխող «Իմ քայլը» դեռ չի բացում հիմնական փակագծերը, բայց Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում չեն լինելու գործող իշխանության մի շարք առանցքային դեմքեր՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, գործող պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը:

Փաշինյանի կնոջ եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը այս տեղեկություննրը չմեկնաբանեց, բայց ասաց, թե ցուցակը էական փոփոխությունների չի ենթարկվել․ - «Մեր ցուցակը հիմնականում այսօրվա խորհրդարանի կազմն է, այսօրվա կառավարության կազմն է»։

Մեծությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը» ևս ամբողջական ցուցակը դեռ չի հրապարակում։ Հայտնի է միայն, որ այն գլխավորելու է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իսկ երրորդ համարը նրա մամուլի խոսնակ, գործող պատգամավոր Իվետա Տոնոյանն է։

Խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը» ևս վերջին շտկումներն է անում իր ցուցակում։ Միայն մի բան այս պահին հստակ կարող են ասել՝ իրենց մոտ գործարարներ չկան։

Վաղը նախընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջանաժամկետն է, և հայտնի կդառնա, թե քանի կուսակցություն ու դաշինք է ցանկանում մասնակցել դրանց։

Հայտնի է արդեն, որ դրանց թիվը կհասնի մեկ տասնյակի կամ կանցնի տասից։ ԿԸՀ-ից «Ազատությանը» փոխանեցեցին, որ այսօր որևէ ուժ իր ցուցակը դեռ հանձնաժողով չի ներկայացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG