Մատչելիության հղումներ

Հայկ Մարությանը հայտարարում է՝ «ընտրություններն ինձ չեն հետաքրքրում»


«Ընդհանրապես ընտրություններն ինձ չեն հետաքրքրում», - ավագանու այսօրվա նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն, արձագանքելով ավագանու ընդդիմադիր ԲՀԿ-ական անդամի ելույթին, որ բնակիչներն իրեն տրցակներով նամակներ են ուղարկում, ինքն էլ դրանք բարձրաձայնում է նիստերին, բայց հարցերն այդպես էլ չեն լուծվում։

Հայկ Մարությանն ասաց՝ հնարավորության դեպքում առաջնային խնդիրներն են լուծում, ինքը նախընտրական խոստումներ շռայլելով չի խաբելու երևանցիներին. «Ես չեմ ասելու՝ հա-հա, կանենք, պրակտիկա կա, չէ՞, որ ընտրություններից առաջ ասում են` հա, ինչ ուզում եք կանենք, հետո ընտրություններն անցնում են՝ վայ, չստացվեց: Ոչ, ո'չ ընտրություններից առաջ եմ ասելու, ո՛չ հետո եմ ասելու, ընդհանրապես ընտրություններն ինձ չեն հետաքրքրում, ես իմ գործով եմ զբաղված` գլուխս կախ: Եթե մի բան լինելու է, ասում ենք՝ լինելու է էս տարի, էս ամսին, եթե չի լինելու, ասում ենք՝ կներեք, բյուջեում չկա գումար, հենց լինի՝ կանդրադառնանք»:

Վերջին 1,5 տարում մամուլը պարբերաբար գրում է, որ լարված են վարչապետի ու քաղաքապետի հարաբերությունները։ Եթե նախկինում ավագանու նիստերից հետո Մարությանը պատասխանում էր լրագրողների հարցերին, ապա վերջին ամիսներին այդ պրակտիկան առհասարակ դադարեցրել է։

Մամուլն այսօր նաև գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում չկա նաև Հայկ Մարությանի անունը։ Իսկ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը լքած ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը, շարունակելով ընտրությունների թեման, ասաց՝ շենքերի շքամուտքերում և չթույլատրված այլ մասերում արդեն քաղաքական տարբեր ուժերի գովազդային պաստառներ են փակցնում։ Ավանեսովն ասաց, որ հենց իրենց շենքում է նկատել, պատռել է դրանք, գրությամբ դիմել է քաղաքապետին ու փոխքաղաքապետին. «Դրա համար, էլի եմ ասում, կա սահմանված կարգ և սահմանված վայր ըստ օրենքի: Ես խնդրում եմ՝ քաղաքացիները չհանդուրժեն նման մոտեցումը և արձագանքեն, այդ թվում նաև ընտրությունների ժամանակ իրենց քվեով»:

Քաղաքապետի հորդորով փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը տեղեկացրեց, որ մինչև 5 քմ անվճար գովազդի ցուցատախտակներ կան փակցված Երևանում, իսկ շքամուտքերում պաստառ փակցնելն ու թռուցիկ բաժանելը՝ արգելվում է. «Գիտենք, մի քանի դեպք եղել է արդեն, մենք պարոն Մուկուչյանի հետ ուղիղ կապի մեջ ենք և նման բոլոր դեպքերով շատ արագ արձագանքում ենք»:

Ամիսներ առաջ, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկի թափուր մնացած տեղն ըստ ցուցակի զբաղեցրել էր նույն խմբակցության անդամ Գևորգ Աճեմյանը։ Իշխող խմբակցությունից Արմեն Գալջյանի առաջարկով՝ 37 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ ձայների հաշվարկով, Աճեմյանը զրկվեց մանդատից: Գալջյանն ասաց՝ Աճեմյանը մանդատը ստանալուց հետո չի մասնակցել ոչ մի նիստի, չի անդամակցել մշտական հանձնաժողովներից որևէ մեկին, ավելին՝ Հայաստանում չի բնակվում։ Սա իրավական հիմնավորումն էր, ըստ Գալջյանի, բայց կա նաև նախագծի քաղաքական հիմնավորումը. «Վստահ եմ՝ բոլորիս համար էլ անընդունելի վարքագիծ է անձնական շահերի սպասարկման ակնկալիքները չբավարարելու պատճառով սեփական նախկին թիմակիցներին պախարակելու գործելաոճը»:

Աճեմյանի հետ կապ հաստատելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին, նա ֆեյսբուքյան էջից դատելով՝ բնակվում է Միացյալ Նահանգներում։ Աճեմյանը հեղափոխությունից հետո նշանակվել էր վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ, ամիսներ անց, սակայն, սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից։ Նա այժմ ընդդիմադիր հայացքներ ունի։

Ընդդիմադիր՝ ԲՀԿ-ական և պատերազմից հետո «Իմ քայլը» խմբակցությունը լքած ավագանու անդամներն անընդունելի համարեցին Գալջյանի ներկայացրած քաղաքական հիմնավորումները:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հիշեցրեց՝ պատերազմի օերից մինչև այսօր ինքն ու քաղաքապետարանի աշխատակիցները ոչ հավելավճար են ստացել, ոչ պարգևավճար, ոչ էլ 13-րդ աշխատավարձ, որովհետև գիտեն՝ երկիրը ծանր վիճակում է։

Հայտարարություններին, թե բնակիչները դժգոհ են, որ իրենց բողոքները տեղ չեն հասնում, քաղաքապետն արձագանքեց՝ նախորդ 28 տարիներին Երևանի բազմահարկ բնակելիներում ընդամենը 35 շենքի վերելակ է փոխվել, իսկ վերջին 2,5 տարում՝ 520: Նա նաև հավելեց՝ ևս 2945-ն էլ դեռ պետք է փոխվեն։ Հայկ Մարությանը նաև ասաց, որ ստորագրել է ևս 50 ցածրահատակ և 8.6 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերելու պայմանագիր։ Այսինքն, ըստ քաղաքապետի, առաջիկա վեց ամսում Երևան կմատակարարվի ևս 211 ավտոբուս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG