Արցախի Շոշ գյուղի մոտ ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների ուղղությամբ հակառակորդի կողմից կրակելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Աբրահամյանը նշում է, որ մայիսի 17-ին՝ ժամը 17.05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, ազգային ատելության շարժառիթներով, երկու և ավելի անձանց սպանելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու նպատակներով հրաձգային զինատեսակների գործադրմամբ մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել N զորամասի պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերից մեկում ինժեներական աշխատանքներ կատարող Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղի բնակչի կողմից այդ պահին շահագործվող բազմաֆունկցիոնալ էքսկավատորի և մարտական դիրքի անձնակազմի ուղղությամբ:
Ըստ հաղորդագրության՝ դրա արդյունքում ամբողջությամբ վնասվել են էքսկավատորեի դիմային և ձախ կողային դռան ապակիները՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Ըստ էության սպանությունների հանցագործությունն ավարտին չի հասցվել միայն այն պատճառով, որ աշխատանք կատարող քաղաքացիական անձը և ժամկետային զինծառայողներն այդ պահին կարողացել են պատսպարվել:
Դեպքի առթիվ Հայաստանի Պաշտպանության նախարարության Հադրութի Ռազմական ոստիկանության բաժնում Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ [Սպանության փորձ] մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերի, ինչպես նաև 185-րդ հոդվածի [Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը] 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի ԶՔԳՎ 1-ին կայազորային քննչական բաժնում: