Օրեր առաջ ադրբեջանցիները նրա ու համագյուղացի տրակտորիստի ուղղությամբ կրակոցներ են արձակել, երբ նրանք վարուցանքի էին հենց գյուղում, որտեղ Շիրին Սարգսյանն խնձորի, տանձի, ընկուզենու այգի ունի ու ցորեն էլ պիտի ցաներ։
«Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ կրակոցներից հետո այլև չի մտել իր այգին։
Կարմիր Շուկա - Շուշի ճանապարհին սա երկրորդ միջադեպն է։ Ճանապարհը հայկական վերահսկողության տակ է, սակայն այստեղով դեպի Շուշի նաև ադրբեջանական շարասյուներ են շարժվում՝ ռուս խաղաղապահների ուղղությամբ։ Մի քանի շաբաթ առաջ էլ ադրբեջանցիները քարեր էին նետել այս ճանապարհով անցնող «07»-ի ուղղությամբ, ջարդել էին դիմապակին։ Այս անգամ զենք են օգտագործել սկզբում՝ ավտոմատ ԱԿ-74 , ապա գնդացիր , կրակել են Ադրբեջանին անցած Սարգսաշենի տարածքից։
«Փամփուշտը կպել է անմիջապես տրակտորի ձախ կողմի ապակուն և ջարդել։ Բարեբախտաբար նրանց վիճակը լավ է, նրանք հարվածի տակ չեն ընկել», - փոխանցեց Արցախի ներքին գործերի նախարարության մամլո խոսնակ Հունան Թադևոսյանը։
Նրա տեղեկացմամբ, կրակոցները եղել են թիրախային, և այժմ Ներքին գործերի նախարարը պատրաստվում է բոլոր փաստերը (նաև ֆոտոապացույցներ) ներկայացնել ռուս խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը․ - «Ոստիկանական հենակետեր կան այդ ճանապարհին՝ և՛ Շոշում, և՛ Սարուշենում, և՛ մինչև Կարմիր Շուկա։ Հիմա նախարարի հրամանով որոշվել է, որ այդտեղ հենակետերը ավելացնենք կամ ծառայողների թիվը ավելացվի, որպեսզի մշտական շուրջօրյա դիտարկումների տակ պահենք»։
Այժմ Սարուշենում գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են․ դաշտ մտնելուց առաջ պետք է անվտանգության եռակողմ երաշխիք ստանան։
«Տեսնենք մեր ղեկավարությունը ինչ ա մտածում, եթե ռուսները խաղաղապահ են իսկականից, թող գան կանգնեն, որ մենք մեր դաշտերը մշակենք։ Էնտեղ մշակելի շատ հողամասեր կան», - ասում է Շիրին Սարգսյանը։
Տրակտորիստ Վիտալի Հարությունյանը 15 հազար դրամ ծախսել ու արդեն ադրբեջանցիներից կրած վնասը վերականգնել է։ Տրակտորը հիմա նոր ապակի ունի, բայց Վիտալի Հարությունյանը հույս չունի, թե իր ուղղությամբ արձակված կրակոցները վերջինը կլինեն․ - «Ռուս խաղաղապահն էլ ա մտել իրանց մոտ, ասել են՝ չենք կրակելու, կարան գնան, խաղաղ աշխատեն։ Բայց նրանք աստված չունեն, ո՞վ ա գարանտիա տալու․․․»
Մի քանի օր առաջ էլ դաշտում ոլոռ էր ցանում, հարևան բլուրի վրա ադրբեջանցիներն էին գոռգոռում՝ հատուկ իր համար․ - «Բլուրի վրից գոռում էին, մի քանի անգամ գոռացին՝ Փաշինյան, Փաշինյան․․․ հետ ձենները կտրեցին»։
Վիտալի Հարությունյանը ենթադրում է, որ ադրբեջանցիներն ուզում են այնպես անել, որ այս գյուղերում հող մշակող ու ընդհանրապես ապրող հայ մարդ չմնա։ Բայց ասում է․ - «Ես վարելու եմ։ Պիտի վարեմ, որ չվարեմ, էլ ստեղ մնում եմ, ի՞նչ անեմ․․․»
Պատերազմից հետո Կարմիր Շուկա - Շուշի ճանապարհը չհաստատվող լուրերի առանցքում էր՝ թե հանձնվելու է Ադրբեջանին։ Հայաստանի ու Արցախի իշխանությունները մի քանի անգամ հերքել են այս լուրը։ Ադրբեջանը Կարմիր Շուկայի ճանապարհին զուգահեռ դեպի Շուշի նոր ճամփա է սարքում և արդեն ասֆալտապատման փուլում են։
Սարուշենում այսօր մոտ 80 ընտանիք է ապրում։ Շիրին Սարգսյանն ասում է, որ պատերազմից առաջ էլ այդքան էին, բոլորը վերադարձել էին, բացի մի ընտանիքից․ - «Էսօրվա դրությամբ աշխատում ա մանկապարտեզը, դպրոցը։ Բոլորը նվիրված եկել են, ուզում ենք մեր գյուղը շենացրած պահենք։ Բայց եթե մեզ աջակցություն չտրամադրեն, խաղաղապահները մեզ չօգնեն, էլի գնանք, վտանգի տա՞կ կանգնենք»։
Արցախի էկոնոմիկայի ու գյուղատնտեսության փոխնախարար Նորայր Մուսայելյանը շեշտում է, որ մինչև Սարուշենի կրակոցները որևէ միջադեպ գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում չէր գրանցվել։ Իհարկե, ասում է, բազմաթիվ միջդիրքային տարածքներ կան, որտեղ արցախցիներն աշխատում են միայն հատուկ պայմանավորվածություններից հետո․ - «Տվյալ համայնքի կամ վարչակազմի ղեկավարը դիմում է տվյալ տարածքում գտնվող խաղաղապահներին, նրանք պայմանավորվում են հակառակ կողմում գտնվող ադրբեջանցիների հետ, և այդ տարածությունում իրականացնում են տարբեր աշխատանքներ»։
Այս պատերազմի հետևանքով Արցախը շուրջ 98 հազար հեկտար վարելահող է կորցրել։ Փոխնախարար Մուսայելյանի տեղեկացմամբ, Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել ընդամենը 50 հազար հեկտար, այն էլ դրա մի մասը կամ չեզոք գոտի է, կամ միջդիրքային տարածք։