Ադրբեջանցի մոտ 30 զինվորներ երեկ հատել են սահմանը և ներխուժել Սյունիքի Տեղ համայնքի Խոզնավար գյուղի տարածք

Տեսարան Գորիսից, արխիվ

Չնայած Հայաստանի տարածքը լքելու վերաբերյալ հայկական կողմի պահանջին, ադրբեջանցիները երեկ էլ առաջացել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ:

Գյուղացիների պատմելով՝ նրանց դեմ հանդիման գյուղի հովիվներն են հայտնվել, որոնք ադրբեջանցի զինվորականների սպառնալիքներից հետո լքել են տարածքը: Խոզնավարը ևս մոտ է Սև լճին։

Որ Ադրբեջանցի զինվորականների հերթական խումբն է ներխուժել Սև լճի հարակից տարածք, «Ազատության»-ը հայտնել էր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ Հայաստանի տարածք անցած նոր զինվորների թիվը 30-ն է:

Պաշտոնական տվյալներով՝ շուրջ 400 բնակիչ ունեցող գյուղը սահմանամերձ է դարձել 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի Քաշաթաղի շրջանն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

Այս պահին թեև իրավիճակը վերահսկելի է, սակայն բնակիչների շրջանում անհանգստություն կա, «Ազատության»-ը փոխանցեց գյուղացիներից Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ բնակիչների մի մասին, այդ թվում՝ երեխաներին, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանել են։

«Անհանգստություն կա, ոնց չի լինի, բայց կանգնած են մերոնք ստեղ՝ դեմները կանգնած, իրավիճակը վերահսկելի է, ասում են՝ խաղաղ բանակցություններով պետք է հարցը լուծվի, տեսնենք ինչ կլինի», - ասաց Մհերը՝ շարունակելով․ - «Խառն են էլի՝ 10 հոգի մի տեղ, 5 հոգը՝ մի տեղ, 7 հոգի մի տեղ, ամեն մի քարի տակից, քոլի տակից հելնում են էլի։ էրեխեքին հանել են գյուղից, բայց մենք մնացել ենք։ Մոտավորապես 13։30-14։00-ին ա դեպքը եղել, չոբաններն են նկատել, հետո մեր զինվորներն են հետ բերել։ Իրանք դեռ տարածքում են, մենք էլ դիմացները սենց կանգնած ենք սաղով։ Գալիս են, դեմը կանգնում ես, հետ են դառնում էն կողմով են գնում, էդտեղից հետ ես տալիս, մյուս կողմից են գնում, ասում են՝ «հրաման ենք կատարում, մենք չգիտենք, մեզ ասել են գնացեք, գնում ենք»։ Հովիվներին ասել են քշեք գնացեք, էս մեր տարածքն ա, դե հովիվներն էլ, ինչ անեն, հետ են եկել»։